Դատախազը իրավունք կունենա ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը

Նախատեսվում է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարել:

Դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք կունենա ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Սույն հոդվածի ձևակերպումից հետևում է, որ տվյալ դատավարական հարկադրանքի միջոցը կկիրառվի միայն հանրային ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձ հանդիսացող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ այն էլ միայն դրա համար անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում, ինչպես օրինակ՝ երբ կասկածյալը կամ մեղադրյալը փորձել են ոչնչացնել գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթերը, փորձել են ազդել վկաների, տուժողների, կամ դատավարության այլ մասնակիցների ցուցմունքների վրա և այլն:

Այս տիրույթից դուրս է մնում մասնավոր ընկերություններում աշխատողները, ովքեր անհրաժեշտ հիմքերի առկայությամբ՝ ստանալով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնելիս կարող են խոչընդոտել հանցագործության հետքերի վերացմանը, փորձեն այլ կերպ ազդել դատավարության մասնակիցների վրա:

Նախագծի հեղինակ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Էդուարդ Բաբայանը և Դավիթ Մանուկյանը նշել են, որ ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում պաշտպանել ոչ միայն պետական այլ նաև մասնավոր կառույցների շահերը հնարավոր դեպքերից: Ուստի առաջարկում են հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի և մեղադրյալի կողքին ավելացնել նաև աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր անձի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել