Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել: Որոշումը կառավարությունն ընդունել է սեպտեմբերի 26-ի նիստին:
Այսուհետ մերժվելու է ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ հնարավոր ապօրինություններից խուսափելու նպատակով:
Նախատեսվում է նաև չգրանցել տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները, որպեսզի դրանց նկատմամբ անհարկի գույքահարկի վճարման պարտավորություններ չառաջանան:
Որոշմամբ հանվում է տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններ իրականացնելու համար տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը, քանի որ դրա ստուգումը ճանապարհային ոստիկանության գործառութային պարտավորությունների շրջանակից դուրս է և դրա վերաբերյալ տեղեկանքը չի հանդիսանում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ փաստաթուղթ:
Նույն փաստարկը կարելի է նշել նաև ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ստուգման վերաբերյալ: Նախատեսվում է նաև ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում:
Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ: