«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն վարկառուն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Սպառողն իրավունք ունի լուծելու կրեդիտավորման պայմանագիրը նաև այն դեպքում, երբ լուծվել է կրեդիտի միջոցով ֆինանսավորվող առքուվաճառքի կամ ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիրը:
Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:
Պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու դեպքում կրեդիտ տրամադրողը չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ (տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց):
Կրեդիտավորողի իրավունքներն այլ անձի փոխանցելու դեպքում սպառողն իրավունք ունի՝
1) նոր կրեդիտավորողին ներկայացնելու այն բոլոր առարկությունները, որոնք նա ունեցել է սկզբնական կրեդիտավորողի դեմ՝ նոր կրեդիտավորողին իրավունքների անցման մասին ծանուցում ստանալու պահին.
2) կատարելու հանդիպակաց պարտավորությունների հաշվանց, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.
որտեղ՝
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).
A – կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).
n – կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.
N – կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.
Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.
i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:
Սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները.
1) օրենքով և կրեդիտավորման պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված կամ վճարվելիք տուժանքները և այլ վճարները.
2) այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման` անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումը կրեդիտով կամ առանց կրեդիտի (cash price) կատարելու հանգամանքից.
3) այն վճարները, որոնք սպառողը կատարում է կրեդիտի մարման և տոկոսների վճարման նպատակով կատարվող փոխանցումների համար, ինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ սպառողն այդ հարցերում չունի ողջամիտ այլընտրանք, և նման վճարները գերազանցում են համապատասխան վճարների համար Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջին վճարի չափի 1.5-ապատիկը: Կենտրոնական բանկը, որպես վիճակագրական տվյալ, հայտարարում է սույն կետում նշված վճարների համար Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջին վճարների չափը.
4) կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին (բացառությամբ նրանց, որոնց հիմնադիրը կամ մասնակիցը կրեդիտավորողն է) անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, որոնք բխում են կրեդիտավորման պայմանագրի մաս չհամարվող պայմանագրերից նույնիսկ այն դեպքում, երբ կրեդիտի պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից.
5) ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ծառայություններից օգտվելը կրեդիտավորման պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայմանն է, և
ա. այդ ծառայությունների շահառուն կրեդիտավորողն է, կամ
բ. կրեդիտավորողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքելու օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր: