Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության որոշման մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է կառավարությանը ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը և այն սահմանել 100 000 դրամ՝ 50 հազար դրամի փոխարեն:
Հիմնավորման մեջ նշված է, որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` կառավարության սահմանած կարգով: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանում է կառավարությունը:
ՀՀ կառավարության 2008 թվականի մայիս 15-ի N 444-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2015 թվականի մայիս 1-ից սահմանվել է 50000 դրամ:
2019 թվականի պետական բյուջեով Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,200.0 հազ. դրամ 397 շահառուի համար: 01.05.2019թ. դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։
2019 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84,607.0 հազ. դրամ, իսկ հունիս ամսվա ծախսը կանխատեսվում է շուրջ 15,000.0 հազ. դրամ։ Արդյունքում, 2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է շուրջ 100,000.0 հազ. դրամ։
Ավելի ուշ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը։