Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:
Այժմ քննարկվում է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:
Նիստին ներկա է նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Հայտարարված ընդմիջումից հետո նա ուշ մտավ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ իր մուտքը դահլիճ թույլ չէին տալիս ոստիկանական ուժերը: Ի պատասխան դրան նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց. «Փա՛ռք Աստծո, որ կարողացաք»: Միհրան Պողոսյանը հեգնանք նկատեց դատավորի խոսքում ի պատասխան որի դատավորը հայտնեց, որ նա այս փուլում որպես կողմ հանդես չի գալիս և ձայնի իրավունք չունի, չի կարող կարծիք հայտնել: