ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Varks.am» ՈւՎԿ ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
2019թ. հունվար ամսվա տարբեր օրերին «Varks.am» ՈՒՎԿ ՓԲ ընկերության՝ Երևան քաղաքում գտնվող տարբեր մասնաճյուղերից կատարվել էին առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություններ: Դեպքերի առթիվ ԵՔՔՎ տարբեր քննչական բաժիններում հարուցվել էին քրեական գործեր: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին դեպքերի մի շարք հանգամանքներ, հանցագործությունները կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990 թվականին:
Հաշվի առնելով, որ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից՝ որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում համատեղ կատարելու վերաբերյալ:
Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1990 թվականին, 2019 թվականի հունվարի 05-ին՝ ժամը 17:40-ի, և հունվարի 14-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, «Varks.am» ՈՒՎԿ ՓԲ ընկերության գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, գործարք կատարելու պատրվակով մտել է ընկերության՝ Երևան քաղաքում գտնվող երկու մասնաճյուղեր, աշխատակիցներին մոլորության մեջ գցելու և իր հանցավոր մտադրությունն իրագործելու համար հարմար պահ փնտրելու նպատակով նրանց մտացածին տվյալներ է հայտնել՝ խնդրելով վճարում կատարելու համար համակարգչի միջոցով փնտրել իր տվյալները: Այնուհետև նկատելով մասնաճյուղում այլ անձանց բացակայությունը՝ անսպասելի ցատկելով անցել է սպասարկման բաժնի սեղանի հակառակ կողմը, դրամարկղից բացահայտ, հափշտակել է մի դեպքում ընդհանուր խոշոր չափի 1.835.000, մյուս դեպքում՝ 2.074.990 ՀՀ դրամ գումար և նույն կերպ անցնելով սեղանի վրայով՝ դիմել է փախուստի:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 28-ամյա երիտասարդը, ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, մուտք է գործել «Varks.am» վարկային կազմակերպության մեկ այլ մասնաճյուղ, մոտեցել սպասարկման սեղանին՝ իբր վարկ ստանալու համար դիմելով աշխատակցին: Նույն պահին երիտասարդը ցատկելով անցել է սպասարկման սեղանի հակառակ կողմը, աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել՝ հայտնելով, որ իր մոտ զենք կա ու սպառնացել վնասել վերջիններիս: Այնուհետև վարկային կազմակերպության երկու դրամարկղերից հափշտակել է ընդհանուր խոշոր չափի 1.187.520 ՀՀ դրամի կանխիկ գումար և դիմել փախուստի:
Բացի այդ, 28-ամյա երիտասարդը նախաքննության ընթացքում, երբ քննչական գործողության մասնակցելու նպատակով տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, նախապես պլանավորելով փախուստը, աշխատասենյակի պատուհանն անսպասելիորեն բացելով, ցատկել է դուրս՝ փորձելով դիմել փախուստի, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. ՀՀ ոստիկանության ԵՔՎ ուղեկցող գումարտակի աշխատակիցները բռնել են նրան՝ կանխելով փախուստը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1990թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-355-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Որոշում է կայացվել՝ 28-ամյա երիտասարդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: