Աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար. կառավարությունը կորոշի

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարության հավանությանն է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է սահմանել. «Աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

Պատգամավորը նշում է, որ գործող աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը անկախ նրանց տարիքից, սեռից, ռասայից եւ այլն, ինչպես նաեւ 114-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել աշխատողի տարիքը, սակայն Օրենսգրքում  չկա ոչ մի հոդված կամ կետ, իմպերատիվ արգելք որը կբացառի գործատուի կողմից աշխատանքի ընդունման ժամանակ անձանց տարիքային խտրականությունը, որն էլ տեւական ժամանակ դարձել է պատուհաս աշխատող, գործունակ անձանց համար, որոնք հատել են երիտասարդ համարվող տարիքի վերին շեմը: Անթույլատրելի է տարիքի պատճառով  աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման մերժումը, որն էլ համատարած տեղի է ունենում այսօր: Պետությունը եւ ՀՀ օրենսդրությունը պետք է հավասար, արդարացի  պայմաններ ապահովի յուրաքանչյուր աշխատելու ցանկություն ունեցող, աշխատունակ, համապատասխան որակավորում ունեցող անձանց համար անկախ նրանց տարիքից: Սույն օրենսդրական կարգավորումը ուղղված է տվյալ հարցի լուծմանը, առաջարկելով լրացում կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում` ամրագրելով, որ աշխատողի տարիքը օրինական արգելք կամ պատճառ չի կարող հանդիսանալ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները:

  1. Նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրի տեսակներին և ըստ էության սահմանում, որ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով:
  2. Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի Օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի և այլ հանգամանքներով պայմանավորված ևս:
  3. Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Տեղին է նշել նաև, որ Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ աշխատանքային իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (աշխատանքային իրավունակություն) հավասարապես ճանաչվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել