Արթուր Ալեքսանյանին ներգրավենք, արագ որոշումներ կայացնենք, գումարը հատկացնենք և արագ սկսենք շինարարությունը. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ երեկ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում: Նախարարը նշել է, որ  վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ռուս գործընկերների հետ համատեղ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այդ ուղղությունը զարգացնելու են և եկող տարվա բյուջեում այդ վիրահատությունների համար ծրագրում են գումարներ նախատեսել:

Վարչապետը հետաքրքրվել է նաև սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքից: Նախարարը տեղեկացրել է, որ երեկ չէ առաջին օրվա տվյալներով արդեն բուժօգնություն է ցուցաբերվել 85 անձի, որից 60-ը առողջացումով դուրս է գրվել: «Համարում ենք, որ ծրագիրը կարիք ունի ընդլայնվելու՝ այլ բժշկական կենտրոններ, նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից կատարել: Այսինքն՝ դա համարում ենք շատ հաջողված ծրագիր»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունը որոշել է 2019 թ. շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով հատկացնել 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային օլիմպիադիայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակահատվածի չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այսօրինակ դեպքերում պետական բյուջեից հատկացումներ եղե՞լ են, թե՞ սա առաջին դեպքն է: Նախարարը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կոնկրետ մարզիկի համար գումար է հատկացվում պետբյուջեից:

Վարչապետն ընդգծել է նման որոշումների ընդունման կարևորությունը և նշել. «Սովորաբար, եկենք արձանագրենք, որ այս կարգի հարցերը, ավանդաբար լուծվել են հետևյալ կերպ՝ կամ զանգ է հնչել, կամ  միջնորդություն է եղել, կամ ունևոր անձանց միջնորդություն է եղել, որ եկեք ֆինանսավորեք: Ես կարծում եմ, որ դա վատ մեխանիզմ է, որովհետև ինքն իր հետ բերում է այլ հարաբերություններ, այլ պարտավորություններ և պարտավորություններից  ազատումներ, արտոնություններ և այլն: Ես կարծում եմ՝ մեր դիրքորոշումն այս հարցում պետք է լինի հետևյալը. այն մարզական առաքելությունները, որոնք մենք կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը պետք է ֆինանսավորի: Այն մարդիկ, որոնք ավանադաբար ֆինանսավորել են այսպիսի գործողությունները, այդ մարդիկ թող վճարեն իրենց հարկերը, պետությունը, այդ թվում նաև իրենց անունից, կֆինանսավորի այս կարգի գործունեությունը: Ինչու եմ ես համարում, որ սա պետական առաքելություն է, նաև Լևոն Արոնյանին աջակցելը, որովհետև նախ նա աննախադեպ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության առաջ: Երկրորդը, մանավանդ այսօր՝ այս նոր  իրավիճակում, կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրն է, որպեսզի ՀՀ քաղաքացիները հավատան իրենք իրենց ուժերին և իրենց հնարավորություններին, Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը և այս կարգի մեր մարզիկները պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի և որոնց օրինակով մարդիկ պետք է հավատան իրենք իրենց ուժերին: Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը հայաստանցի սովորական տղաներ են, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային պատմական բարձունքների: Եվ մեր պետական քաղաքականությունը, ոչ թե ինչ-որ մեկը պետք է լավություն անի Լևոն Արոնյանին, այստեղ-այնտեղ էլ գլուխ գովա, և իր համար PR  ակցիաներ դասավորի, այլ մենք պետք է մարդկանց վաստակը մեր պետության, մեր դրոշի առաջ ընդունենք, ճանաչենք և պետք է նրանց համար ստեղծենք բոլոր պայմանները ՝ արձանագրելով, որ դա ոչ թե անձամբ իրենց համար ենք անում, այլ անում ենք այն երիտասարդների համար, ովքեր պետք է նրանց օրինակով ոգեշնչվեն, հավատան իրենց ուժերին և իրենց մեջ առաջանա մեծ մղում, եռանդ, էներգիա ոչ միայն կրկնել, այլև գերազանցել մեր ականավոր մարզիկներին»:

Կառավարության ղեկավարն այնուհետև անդրադարձել է Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման հարցին և նշել. «Շատ արագ այդ նախագծային հաշվարկները իրականացնենք, նաև Արթուր Ալեքսանյանին, օլիմպիական չեմպիոնին և նրա թիմին ներգրավենք, արագ որոշումներ կայացնենք, գումարը հատկացնենք և արագ սկսենք շինարարությունը: Եվ արձանագրենք, որ այս ոլորտում մեր քաղաքականությունը լինելու է այդպիսին: Այն մարզիկները, որոնք   ոգեշնչման օրինակ են բոլորիս համար, պետք է հստակ տեսնեն, որ Հայաստանի Հանրապետությունը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ և արձագանքում է նաև հնարավորություններ ստեղծելով, որպեսզի այլ երիտասարդները նույնպես գնան նրանց ճանապարհով և նույնիսկ հնարավորության դեպքում գերազանցեն նրանց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել