Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա են որոշ առաջնորդներ, որոնք վիրավորական ձեւակերպումների և խտրական պիտակների օգտագործմամբ շարունակում են տարածել ատելություն. Վլադիմիր Վարդանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակներում՝ նշելով.

«Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

ատելության վերբալ դրսեւորումը՝ «ատելության խոսքը», անհանդուրժողականության, խտրականության, մարդատյացության եւ ռասիզմի վրա հիմնված հանցագործությունների հսկայական շարանի հիմնապատճառն է: Դրա գոյությունը վտանգում է ժողովրդավարական հասարակության կայացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ իրավունքի գերակայության երաշխավորումը:

Ատելության խոսքն առանձնակի վտանգավոր է, երբ նախահիմք է ծառայում ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների նախապատրաստման ու իրագործման համար: Այն միտված է որոշակի թիրախավորված մարդկանց խմբերին նվաստացնելուն, խարանելուն, դեգրադացնելուն, դեմոնիզացնելուն եւ, որպես արդյունք, ապամարդկայնացմանը՝ պարարտ հող ստեղծելով այդ զանգվածային ոճրագործությունները կատարելու համար: Պատահական չէ, որ բոլոր ցեղասպանությունների պարագայում «ատելության խոսքը» օգտագործվել է որպես կատալիզատոր` այդ հանցանքների կատարումը խթանելու համար: Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանության ժամանակ յուրաքանչյուր հային «օտար» եւ «դավաճան» պիտակավորելը, ողջակիզման ընթացքում ծայրահեղ հակասեմիթական թերթեր հրապարակելը, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության ընթացքում ռադիոհեռարձակումները ցեղասպան քարոզչամեքենայի հիմնասյուներն են եղել: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցը, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Ռուանդայի միջազգային քրեական դատարանը բազմաթիվ դատավճիռներում ճանաչել է ատելության խոսքի եւցեղասպանության հրահրման միջեւ պատճառահետեւանքային կապը: Այնուամենայնիվ, չափազանց մտահոգիչ է այն, որ նույնիսկ այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից ավելի քան 70 տարի անց մենք դեռ բախվում ենք հայատյացության, հակասեմիտիզմի եւ այլատյացության այլ դրսեւորումներին Եվրոպայում:

Կարող է անհավատալի թվալ, բայց նույնիսկ այսօր Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա են որոշ առաջնորդներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնք իրենց ամենօրյա օրակարգում վիրավորական ձեւակերպումների եւ խտրական պիտակների օգտագործմամբ շարունակում են տարածել ատելություն` նպատակ հետապնդելով բաժանել իրենց հասարակությունները «յուրայինների» եւ «այլոց», ցանկալի եւ անցանկալի մարդկային խմբերի: Ցավոք, ատելության խոսքը լայնորեն եւ անամոթաբար օգտագործվում է քաղաքականության մեջ` որպես ընտրական գործիք կեղծ թշնամու կերպարի ստեղծման եւ դժգոհ ընտրազանգվածին գրավելու համար:

Ատելության խոսքի աստիճանն առավել մտահոգիչ է դառնում թվային դարաշրջանում, երբ սոցիալական մեդիան կարող է աննախադեպ հետեւանքների հանգեցնել:

Հետեւաբար, մարդու իրավունքների պաշտպանությանը նպատակաուղղված բոլոր հասարակությունների համար հրամայական է դառնում ուժերի միավորումը՝ ընդդեմ մարդկանց մեջ առավել բացասական դրսեւորումները բացահայտող այս չարիքի եւ հանուն ավելի լավ ապագայի:

Կոչ եմ անում Եվրախորհրդի բոլոր անդամ պետություններին եւ վերջիններիս խորհրդարաններին միասնական ճակատ ձեւավորել՝ կանխարգելելու եւ դատապարտելու ատելության խոսքի բոլոր դրսեւորումները, ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ եւ համաչափ բոլոր հնարավոր միջոցներով վերածել Եվրոպան ատելության խոսքից ազատ տարածաշրջանի:

Ուստի, եկեք սկսենք այս վեհաժողովից եւ օրինակ ծառայենք այլոց համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել