Առկա է 87 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, կստեղծվի ևս 40 նոր աշխատատեղ. կառավարության որոշում

Կառավարության որոշմամբ «Դեկորա-գրուպ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կոօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է օրթոպեդիկ ներքնակների, անկողնային պարագաների, բարձերի, վերմակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.1-ից 1.2 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 60 աշխատատեղ` 190,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արդյունքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ 220,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4.9 մլրդ ՀՀ դրամ, որից 3.7 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,621,000,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 121,821,000 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտոնությունների տրամադրման գործընթացին, նշել է. «2019 թվականի առաջին առաջին եռամսյակում գերակա ոլորտներում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմել է 146 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք աշխատատեղերի թիվը՝ 912: Խոսքը միայն արտոնյալ ռեժիմով ներդրումների մասին է: Համեմատության համար՝ 2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել է 6 ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել շուրջ 5 միլիոն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ: Այսպիսով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով՝ 6,5 անգամ»:

Գործադիրը բավարարել է «Էսկո-ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է բերանի խոռոչի հիգիենայի միջոցների, քսուքների, նրբաքսուքների, հեղուկ և փոշի դեղաձևերի արտադրության մեջ։ «Էսկո-ֆարմ»-ն արդեն իսկ իրականացրել է 124 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 592,482,539 ՀՀ դրամի ներդրում` հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 87 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, կստեղծվի ևս 40 նոր աշխատատեղ: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 390,985,539 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 46,647,626 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել