Խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու մասով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը մասնաճյուղի հաշվեկշռում գտնվող անսարք «Տ-170» մակնիշի տրակտորով անտառտնտեսական ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքները Շուռնուխի, Արծվանիկի և Գորիսի անտառպետությունների տարածքում չիրականացնելու, ավելին` դրանք անտառապետերի կողմից «ԴՏ» մակնիշի տրակտորներով փաստացի իրականացնելու պայմաններում, 2014-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կարգագիր-ակտերը, որոնք ներկայացնելով «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն՝ հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը նշված աշխատանքների կատարման համար հատկացված 3 376 397 ՀՀ դրամ գումարից ընդհանուր 1.712.126 ՀՀ դրամը:

Բացի այդ, տնօրենը 2014թ. սեպտեմբերից մինչև 2018թ. ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մասնաճյուղում որպես վարորդ հրամանագրված աշխատակցի աշխատանքային հաշվարկները: Այնուհետև մասնաճյուղի հաշվապահի կողմից կազմված և ստորագրված աշխատավարձերի հաշվարկների ամենամսյա ցուցակները անձամբ ստորագրելով և կնքելով՝ նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն և հիշյալ աշխատակցի բանկային քարտով հափշտակել ընդհանուր 2.615.100 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նշված գումարները մասնաճյուղի ղեկավարը տնօրինել է իր կնոջ, իսկ հետագայում՝ որպես վարորդ ձևակերպված աշխատակցի ու վերջինիս բարեկամների կողմից բանկոմատից բանկային քարտով կանխիկացում կատարելու միջոցով:

Քրեական գործով բացահայտվել են նաև հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մասնաճյուղի տնօրենը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանը փայտանյութ մատակարարելու համար տարբեր անձանց հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, համաձայն որոնց՝ փայտանյութը բեռնատարներով պետք է նշված անձանց կողմից մոտեցվեր պահեստ: Սակայն նշված աշխատանքը կատարելու համար փաստացի աշխատավարձ չվճարելու, ավելին` անտառապետերի կողմից մոտեցման ծախսերը փաստացի իրենց միջոցներով հոգալու պայմաններում 2015-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով շարունակաբար հավաստել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կատարողական և կարգագիր-ակտերը: Այնուհետև տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեության եղանակով, այն է՝ նշված կեղծ փաստաթղթերը «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն ներկայացնելով, հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը հիշյալ աշխատանքների համար հատկացված 1.576.100 ՀՀ դրամից ընդհանուր 819.897 ՀՀ դրամ խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, տնօրենը մասնաճյուղի ավագ անտառապետի որդու` անտառկուլտուրաների ինժեների՝ շուրջ 4 ամիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն է ներկայացրել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքային և աշխատավարձերի հաշվարկների ցուցակներում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով կեղծ փաստաթուղթ` հաստատելով նրա՝ աշխատանքի հաճախելու հանգամանքը: Այդկերպ վատնելու եղանակով հափշտակվել է վերջինիս անվամբ 4 ամիսների համար որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 275.200 ՀՀ դրամը, ինչը կանխիկացվել և տնօրինվել է աշխատակցի ընտանիքի կողմից:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:  Դատարանը թույլատրելի է ճանաչել վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։

Հաշվապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մասնաճյուղի վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Որոշում է կայացվել «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կադրերի տեսուչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` համաներման ակտի ուժով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել