Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբության իր էջում գրում է.
«201 դպրոցի ու մանկապարտեզի մոնիտորինգ ենք իրականացրել Երևանում ու մարզերում՝ ջրի և սանիտացիայի հասանելիության վիճակը պարզելու նպատակով: Բոլոր հաստատություններն ընտրվել են պատահականության սկզբունքով: Ծրագիրը սկսել ենք 2017 ու ավարտել 2018 թվականին:
Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների հարցերով ՄԱԿ-ի կոնվենցիոն անկախ մարմինն է:
Այսօր հրապարակեցի արտահերթ զեկույց (հայերեն ու անգլերեն լեզուներով)»:
Զեկույցի հայերեն տարբերակը՝ կաևող եք տեսնել այստեղ, անգլերեն տարբերակը՝ այստեղ:
ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ ասվում է.
Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում սանհագույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի բացակայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր արտահերթ զեկույցը դպրոցների ու մանկապարտեզների ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի ապահովման վերաբերյալ։
2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված:
«Մեր մշտադիտարկման ժամանակ երեխաներից շատերը նշել են, որ խուսափում են օգտվել սանհանգույցներից սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով։ Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում չեն եղել սանհանգույցներ՝ դրսում տեղակայված լինելու պատճառով: Ավելին, եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում կամ առանձնացված չեն եղել միջնորմերով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ կրթական հաստատություններում ջրի և սանիտացիայի անհասանելիությունը և անմատչելիությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջության պահպանման, զարգացման, աշխարհընկալման, հիգիենիկ դաստիարակության, ինչպես նաև կրթական իրավունքի իրացման վրա:
Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
• 121 դպրոցից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզից միայն 2-ի սանհանգույցներն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն խմբերի երեխաների համար,
• սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն փակ խցիկներում կամ առանձնացված չեն միջնորմերով,
•դպրոցների 71% դեպքերում սանհանգույցների սենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով,
• ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանգամյա օգտագործման սրբիչներով ապահովված են ընդամենը դպրոցների 7%-ի սանհանգույցների սենքերը միայն,
• հաստատությունների զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները սարքին վիճակում չեն եղել,
• դպրոցների 86% դեպքերում բացակայել է տաք ջրամատակարարումը, իսկ մանկապարտեզների միայն 44%-ի սանհանգույցներն են ապահովված տաք ջրամատակարարմամբ,
• դպրոցների 61% դեպքերում աշակերտները ջուր խմում են հիմնականում ծորակներից՝ ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է,
• դպրոցների 35% դեպքերում, շենքերի յուրաքանչյուր հարկում ըստ սեռերի առանձնացված սանհանգույցներ բացակայում են,
• ուսումնական հաստատություններում ջրի և սանիտացիայի հասանելիության վերաբերյալ պարբերական բնույթ կրող միասնական և տարբերակված վիճակագրություն չի վարվում,
• հաստատության անձնակազմը պատշաճ կերպով իրազեկված չէ ներպետական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների մասին և այլն:
Զեկույցում բարձրացվել են նաև օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ։
Տեղեկացնենք, որ ուսումնական հաստատություններին ներկայացվող հիգիենիկ, շենքային և սանիտարական պահանջները ամրագրված իրավասու մարմինների հրամաններով ու որոշումներով, որոնքից որոշները ավելի ուշ են ընդունվել քան կառուցվել են դպրոցները, բայց այս հանգամանքը չի կարող անբավարար պայմանների հիմնավորում լինել և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի գույքագրելու առկա վիճակը նոր նորմերի համեմատությամբ և մշակի համալիր գործողությունների ծրագիր բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ ՄԻՊ աշխատակազմի