Պարզվում են 9-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները

ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու  9-ամյա երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները, պատճառները:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և  «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և երկու ուղևորները, ինչպես նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևորները՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են, համապատասխանաբար, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»   բժշկական կենտրոններ: Իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել:

2019թ. մարտի 19-ին՝ ժամը 20:15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ ծնված 2010թ., «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման  բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որի նախաքննությունն իրականացվում է  ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում:

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ ավտովթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել