Ուժի մեջ է մտել թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման համար սահմանված կարգը

2013 թվականի հունվարի 11-ին ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել է թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սամնավելու մասին որոշումը:

2018 նոյեմբերի 22-ին կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել, որն ուժի մեջ է մտել մարտի 6-ին: Այսպիսով.

ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳՆ Է

1. Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման (այսուհետ` որակավորման ստուգում) կարգով կարգավորվում են թեկնածուի` թիկնապահի և պահնորդի գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Որակավորումն ստուգում է թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

3. Հանձնաժողովի կազմավորման կարգը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) պետի հրամանով:

4. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում, որտեղ պետք է նշվեն`

ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),

գ. սույն կարգի 5-րդ կետով նախատեսված` հանձնաժողովի կողմից կատարվող հարցումներին անձի համաձայնությունը.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) համապատասխան մասնագիտական կրթության վերաբերյալ ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ մասնագիտական պատրաստվածության, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.

5) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի:

5. Թեկնածուի կողմից դիտավորյալ հանցագործություն կատարված լինելու կամ դիտավորյալ հանցագործության համար դատվածության` սահմանված կարգով հանված կամ մարված լինելու, ինչպես նաև` համապատասխան բուժհիմնարկներում հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառված չլինելու հանգամանքները պարզում է հանձնաժողովը` համապատասխան հարցումներ կատարելու միջոցով:

6. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետների վերաբերյալ որակավորման ստուգումից առնվազն մեկ ամիս առաջ ոստիկանության http://www.police.am ինտերնետային կայքում, «02» շաբաթաթերթում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տրվում է իրազեկում:

7. Թեկնածուն որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ պատշաճ կերպով ծանուցվում է որակավորման ստուգումից առնվազն յոթ օր առաջ: Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ թեկնածուի նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով, էլեկտրոնային փոստով:

8. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով:

9. Որակավորման ստուգմանը կարող են ներկա գտնվել մասնավոր պահնորդական գործունեություն և համապատասխան մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

10. Որակավորումն ստուգվում է թիկնապահի կամ պահնորդի մասնագիտական ուսուցման համար անհրաժեշտ պետական կրթական չափորոշիչներով սահմանված առարկաների և կրթական մոդուլների շրջանակներում:

11. Հանձնաժողովը կազմում է որակավորման ստուգման թեստավորման հարցաշարեր և թեստավորման առաջադրանքները` ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների: Թեստային հարցաշարերը և թեստային առաջադրանքները հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ:

12. Ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների` յուրաքանչյուր թեստավորման հարցաշար ներառում է առավելագույնը հարյուր հարց, որոնք ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ պարտադիր հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

13. Որակավորումն ստուգվում է թեստավորման առաջադրանքների միջոցով` էլեկտրոնային եղանակով:

14. Յուրաքանչյուր թեստավորման առաջադրանք կազմված է վեց հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք հնարավոր պատասխան, որոնցից մեկը ճիշտ է:

15. Թեստավորման առաջադրանքները լուծելու համար թեկնածուին տրամադրվում է 30 րոպե ժամանակ:

16. Թեկնածուի տեսական գիտելիքները և գործնական հմտությունները հանձնաժողովի անդամների կողմից գնահատվում են առանձին դրական կամ բացասական գնահատականներով, որոնց միջին թվաբանական հաշվարկով դրվում է վերջնական դրական կամ բացասական գնահատական:

16.1. Որակավորման ստուգման ընթացքը տեսաձայնագրվում է: Տեսաձայնագրումն ապահովում է ոստիկանությունը: Տեսաձայնագրում չիրականացվելու դեպքում որակավորման ստուգման արդյունքներն առոչինչ են:

16.2. Ոստիկանությունը պարտավոր է որակավորման ստուգման տեսաձայնագրությունը պահպանել 2 ամիս:

16.3. Որակավորման ստուգման մասնակիցներին տեսաձայնագրությունը տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա` դիմողի ներկայացրած էլեկտրոնային կրիչի միջոցով:

17. Հանձնաժողովը թեկնածուների գնահատականները հրապարակում է որակավորման ստուգման օրվա արդյունքները նույն օրն ամփոփելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

18. Թեկնածուն որակավորման ստուգման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին` ոչ ուշ, քան արդյունքները հայտարարվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը:

19. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

20. Որակավորման ստուգումից բացասական գնահատական ստացած թեկնածուն կարող է հաջորդ որակավորման ստուգմանը մասնակցել վերջին անգամ որակավորման ստուգմանը մասնակցելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:

21. Հանձնաժողովը որակավորման ստուգման դրական գնահատականների հիման վրա ընդունում է որոշում թեկնածուներին որակավորման ստուգման վկայականներ տալու մասին: Վկայականը տրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

22. Որակավորման ստուգման վկայականի ձևը` ըստ թիկնապահի և պահնորդի որակավորումների, սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել