Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 5-ին որոշում է ստորագրել, որով մերժել է քաղաքացու դիմումը՝ մեքենայի վնասի փոխհատուցման համար գումար տրամադրելու մասին:
Որոշման մեջ նշվում է, որ
Երևանի քաղաքապետին ուղղված 2018 թվականի դեկտեմբերի 28–ին Աշոտ Գասպարյանը և Արտակ Գասպարյանը, իսկ 2019 թվականի փետրվարի 4-ին Արտակ Գասպարյանը դիմումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետին, որոնց հիման վրա հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Աշոտ Գասպարյանի և Արտակ Գասպարյանի դիմումում նշվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Աշոտ Գասպարյանը, երթևեկելով Արտակ Գասպարյանին պատկանող «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենայով, Նորագավիթի ճանապարհի մեջտեղում բախվել է բետոնե արգելապատնեշի, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է:
Արտակ Գասպարյանի դիմումին կից ներկայացված «Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետ Աղվան Հովսեփյանի կողմից 2019 թվականի հունվարի 31-ին տրված եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենայի վնասի վերականգնման ծախսերի /ավտոմեքենայի նորմալ շահագործողական վիճակի բերելու համար անհրաժեշտ դետալների, հանգույցների և վերականգնման աշխատանքների/ շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, կազմում է 729 000 /յոթ հարյուր քսանինը հազար/ ՀՀ դրամ:
«Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետ Ա.Հովսեփյանի կողմից 2019 թվականի հունվարի 31-ին տրված եզրակացության մեջ նշված չեն 2019 թվականի հունվարի 30-ին փորձաքննության ներկայացված ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառները, հետևաբար ապացուցված չէ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Աշոտ Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատահարի և 2019 թվականի հունվարի 30-ի դրությամբ ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 2019 թ-ի հունվարի 11-ի համար 14/Գ-6784 գրությամբ հայտնվել է, որ Երևան քաղաքի ճգնաժամային կառավարման բաժնից՝ վարչության աշխատակցին տրված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հերթապահ մասից 2018 թ-ի դեկտեմբերի 26-ին, ժամը 18:10-ին ստացվել է ահազանգ այն մասին, որ Արտաշատից դեպի Երևան ուղղությամբ, Նորագավիթի հատվածում, ճանապարհի երթևեկելի մասում առկա են վնասված բետոնե արգելապատնեշներ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահը՝ 2018 թ-ի դեկտեմբերի 26-ին, ժամը 18:12-ին ահազանգը փոխանցել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄ հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետին, առ այն, որ մինչև ժամը 18:10-ը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Դիմումատուների կողմից չեն ներկայացվել 2018 թ-ի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած պատահարը կանխելու նպատակով վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չխախտելու, պատահարից խուսափելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկված լինելու հանգամանքները, ինչպես նաև վարորդի կողմից պատահարը կանխելու անհնարինությունը հիմնավորող ապացույցներ:
Վարչական ակտն ընդունելու հիմնավորումներում նշվում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» համար 955-Ն որոշման համար 1 հավելվածով հաստատված՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ կետով սահմանված է, որ վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանությունն իրականացնում է հետևյալ լիազորությունները.
ժ) հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ,
ժգ) կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.
ժէ. տեղադրում է ճանապարհային լուսացույցներ և նշաններ, իրականացնում է ճանապարհային գծանշումներ:
Որոշման մեջ նշվում է, որ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի հ.955-Ն որոշման հ.1 հավելվածով հաստատված՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ և 67-րդ կետերով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝ որոշում է ընդունվել վնասի փոխհատուցում տրամադրելու մասին` Աշոտ Գասպարյանի և Արտակ Գասպարյանի 2018 թ-ի դեկտեմբերի 28-ի և Արտակ Գասպարյանի 2019 թ-ի փետրվարի 4-ի դիմումները մերժել:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
Հավելենք նաև, որ որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։