Սպանության փորձ Դիլիջանում. ինչպես ոստիկանները վնասազերծեցին կասկածյալներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 20-ին՝ ժամը 12-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձն ինքնաձիգով կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում ապրող 40-ամյա մի տղամարդու մեքենայի ուղղությամբ։ Վարորդը չի տուժել։ Կրակոցների հետևանքով վնասված «Լեքսուսը» հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 32 կրակված պարկուճ և ինքնաձիգի պահունակ։

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կազմակերպած և կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Շուտով ոստիկաններին հայտնի դարձավ նաև, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձինք դեպքից հետո եկել են մայրաքաղաք։ Փետրվարի 21-ին Դիլիջանի բնակչ երեք տղամարդկանց ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքում և կասկածանքով բերման ենթարկեցին Դիլիջանի բաժին։ Բերման ենթարկվածներից մեկը դեպքի նախաքննությունը վարող մարմնի որոշմամբ ձերբակալվեց։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ, որն, ըստ իրավապահների նախնական տվյալների՝ ձերբակալված տղամարդը թաքցրել է Դիլիջան-Իջևան ճանապարհի մոտակայքում։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ ձեռնարկում են տարաբնույթ միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները և դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց դերակատարումը պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել