ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
2019թ. փետրվարի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ ՔԿ հիմնարկի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ բռնաբարություն), 1965թ. ծնված Մ.Պետրոսյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հերթապահ քննիչը:
Դեպքի վայրի զննությամբ կալանավոր Մ.Պետրոսյանի դին հայտնաբերվել է սավանից ինքնաշեն եղանակով պատրաստված պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում:
Խցում հայտնաբերվել է նաև այն սավանը, որից կտրված հատվածներով պատրաստվել է ինքնաշեն պարանը:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի առթիվ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: