ՃՈ գրանցման-քննական ստորաբաժանումներում հերթեր են գոյանում. նոր նախաձեռնություն՝ հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ

ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանից:

«Հերթերը պայմանավորված են Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով: Ոստիկանությունը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի մեկ իրավաստեղծ և մեկ կազմակերպչական բնույթի առաջարկություն: Առաջարկվելու է՝

1. այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցի տվյալներն առկա են գրանցման-քննական ստորաբաժանման էլեկտրոնային ռեգիստրում, ապա տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններն իրականացնել առանց տրանսպորտային միջոցը ստորաբաժանում ներկայայացնելու պահանջ քաղաքացուն ներկայացնելու.

2. ծրագրային-տեխնիկական հնարավորություն ստեղծել գործարքի կողմերի համար գործարքն իրականացնել համացանցում՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու: Համապատասխան օրինագիծը ուղարկվել է կառավարություն, ծրագրային աշխատանքներն ընթանում են:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվարի 29-ից Ճանապարհային ոստիկանությունում գործարկվել է տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման և վարորդական վկայականների հատկացման նոր սերվերային համակարգ, որը գործարքների արագությունն ավելացրել է մոտ 35 անգամ: Սրա շնորհիվ օրվա մեջ 15-00-ից հետո հերթեր չկան»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել