Աշխատանքային և զինվորական կենսաթոշակների նվազագույն շեմ կսահմանվի. նախարարը նախագիծ է ներկայացրել կառավարությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել կառավարութոյւն:

Օրենքի նախագծի կարգավորման առարկան աշխատանքային և զինվորական կենսաթոշակների նվազագույն շեմ սահմանելուն առնչվող հարաբերություններն են: Նախագծով կենսաթոշակների նշված տեսակների համար  սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը` այդ չափը սահմանելու լիազորությունը վերապահելով Կառավարությանը:

Հարկ է հաշվի առնել, որ կենսաթոշակառուների շրջանում  ծայրահեղ աղքատությունը բացառելու նպատակով Կառավարությունը որդեգրել է աղքատության պարենային գծից ցածր կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացնելու քաղաքականություն: Այդ մոտեցումն ամրագրված է ՀՀ կառավարության 2018թ. սեպտեմբերի  6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 – 2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 10-րդ միջոցառման 1-ին կետում:

Նշված նպաստների չափերն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Կառավարությունն արդեն իսկ բարձրացրել է 2019 թվականի հունվարի 1-ից: Ներկայումս ստեղծվել է իրավիճակ, երբ կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակի չափն ավելի ցածր է, քան պահանջվող աշխատանքային ստաժ չունեցող նպաստառուների նպաստի չափը:

Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ և նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակներն ավելացնել 2019 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունը օրենքն ընդունվելու հետո միայն կարող է սահմանել կենսաթոշակների նվազագույն չափերը, որից հետո կկատարվի 2019 թվականի հունվարի 1-ից հետո վճարված կենսաթոշակների վերահաշվարկ և տարբերությունը կվճարվի կենսաթոշակառուներին:

Ելնելով վերագրյալից` քանի որ աղքատության պարենային գծից ցածր կենսաթոշակների չափերը կարող են բարձրացվել միայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, օրենքի նախագիծը պետք է համարել անհետաձգելի և քննարկել ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստում:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել