Երևանի պետական համալսարանում ենթադրյալ չարաշահումների բացահայտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից այսօր տարածված հաղոդագրության կապակցությամբ Երևանի պետական համալսարանը պարզաբանում է ներկայացրել:
«Երևանի պետական համալսարանի թվով 18 աշխատողների կողմից աշխատանքի չներկայանալու, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում գրառում կատարելու և մոտ 18 միլիոն ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու հայտարարության վերաբերյալ հայտնում ենք, որ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողի վարձատրության չափը որոշվում է նրա տարեկան ուսումնական ծանրաբեռնվածությամբ, ինչը հիմք է հանդիսանում կատարված աշխատանքի դիմաց վարձատրության համար:
Ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ներառված որոշ աշխատանքներ (կուրսային, դիպլոմային աշխատանքների ղեկավարում, մագիստրոսական, գիտական թեզի ղեկավարում և այլն) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության պայմաններում հնարավոր է կատարել նաև առանց համալսարանում ֆիզիկապես գտնվելու (հեռավար մեթոդով): Պաշտոնապես հայտարարում ենք, որ համալսարանի որևէ աշխատողի աշխատավարձ չի վճարվել առանց հաստատված ուսումնական ծանրաբեռնվածության լիարժեք կատարման, ինչը թույլ է տալիս միարժեքորեն պնդել, որ առաջ քաշված կանխավարկածը հիմնազուրկ է և մանիպուլյատիվ:
Երևանի պետական համալսարանի վարձակալների կողմից վարձավճարների վճարման և դրանք սահմանված կարգով չմուտքագրման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ԵՊՀ վարձակալների կողմից վարձավճարները սահմանված կարգով վճարվել են համալսարանին, և դրանց տրվել են օրենքով սահմանված ձևակերպումներ:
Այդ կապակցությամբ մանրամասն պարզաբանումները և ապացույցները ներկայացվել են ոստիկանությանը:
Ինչ վերաբերում է տեսանյութում ԵՊՀ պաշտոնատար անձին վերագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներին, այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ակնարկվող պաշտոնատար անձի կողմից կտրականապես մերժվում է նշված տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, և գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության հայտարարության այդ հատվածում տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում:
Նման պայմաններում կոչ ենք անում ոստիկանությանը, զանգվածային լրատվամիջոցներին և հանրությանը ձեռնպահ մնալ հարուցված քրեական գործի վերաբերյալ չհիմնավորված հայտարարություններ կամ մեկնաբանություններ կատարելուց, հարգել մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը և սպասել քրեական գործով վերջնական որոշման կայացմանը:
Միաժամանակ հուսով ենք, որ այս գործով կիրականացվի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն և կփարատվեն հասարակության չհիմնավորված կասկածները»:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը ԵՊՀ-ում կատարված ապօրինությունների մասին հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հափշտակվել և յուրացվել է մոտ 27 մլն դրամ, ինչպես նաև 10 հազար դոլար կաշառքի դիմաց կնքվել է 400 մլն դրամի պայմանագիր։
Ըստ Ոստիկանության՝ պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլև պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետևանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:
Պարզվել է նաև, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:
Պարզվել է նաև, որ բուհի ղեկավար պաշտոնատար անձը շինարարական ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք:
Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել:
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: