ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ: Այս մասին հայտնում են քննչական կողմիտեի մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 19-ին՝ ժամը 04։35-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմաթորաքս» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 43-րդ խումբն իրենց մոտ է տեղափոխել 1985 թվականին ծնված մի քաղաքացու:
Ահազանգից անմիջապես հետո հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Զննության է ենթարկվել հիվանդանոցի ընդունարանի մատյանը, առգրավվել են տուժողի հագին եղած հագուստները։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործության կատարման վայրը, շարժառիթը, մասնակիցների շրջանակը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է իր ծանոթի՝ Երևան քաղաքի 21 ամյա բնակչի կողմից՝ Երևան քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է բերման ենթարկվել Երևան քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու համար հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: