Փետրվարի 18-ին Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև Արդարադատության նախարարը, նրա առաջին տեղակալը, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը համառոտ ներկայացրեց դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայեցակարգի և դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջնահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը:
Կարևորվեց նախատեսվող աշխատանքները գործակցաբար իրականացնելու և փորձագետների, մամուլի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին հիմնախնդիրների համատեղ քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չափազանց օգտակար համարեց նման ձևաչափով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ներկայացրեց իր նկատառումները հրատապ լուծում պահանջող այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են դատական արխիվների թվայնացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումը, դատավորների սոցիալական անկախության երաշխիքների ամրապնդումը, օրենսդրական բարեփոխումները և այլն:
Խորհրդակցության մասնակիցների առաջարկություններն ամփոփելով՝ դատական իշխանության պաշտոնական կայքում առաջիկայում կտեղակայվի համատեղ քննարկվելիք ռազմավարական ուղղությունների ցանկը՝ ըստ հրատապ, միջնաժամկետ և երկարաժամկետ քայլերի դասակարգման: