Կռավարությունը հավանության է արժանացրել «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրինագիծը՝ փաստաբանին զրպարտելու համար բացի տուգանքից նաև կալանք սահմանելու վերաբերյալ

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ կառավարության առաջարկությունը:

Օրինագծով առաջարկվում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար պատասխանատվության միջոցը խստացնել՝ բացի տուգանքից սահմանելով նաև մեկից երեք տարի ժամկետով ազատազրկում:

Նախագծով առաջարկվում է նաև նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ կամ փաստաբանի մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ փաստաբանին զրպարտելու համար բացի տուգանքից սահմանել նաև կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Կառավարությունը առաջարկության համաձայն՝  ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և 2019 թ. հունվարի 14-ին շրջանառության մեջ է դրել համանման՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը տեղադրվել է նաև հանրային քննարկման www.e-draft.am կայքէջում: Ներկայումս այդ նախագիծը գտնվում է շահագրգիռ մարմինների և հասարակության ներկայացուցիչների լայն շրջանակի հետ քննարկման փուլում: Ըստ այդմ՝ ԱԺ պատգամավորական խմբակցությանն առաջարկվում է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրինագծին հետագա ընթացք տալուց, և հարցին անդրադառնալ առաջիկայում կառավարության կողմից ԱԺ-ի քննարկմանը ներկայացվելիք համանման օրենքի նախագծի քննարկումների շրջանակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել