Պահանջում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել իր տարածած ապատեղեկատվությունը. Վարդան Ուռուտյանը՝ Էդմոն Մարուքյանին

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն արձագանքում է պատգամավոր Էդմոն Մարուքյանին.

«ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ փետրվարի 14-ի նիստում ունեցած ելույթում (ինչպես նաև հետագա ելույթներում) տարածած ապատեղեկատվության առթիվ հարկ եմ համարում հանրությանը պարզաբանել, որ Համալսարանում հոգաբարձուների խորհրդի և ռեկտորատի ձեռնարկած արմատական բարեփոխումները թելադրված են արդի տեխնոլոգիաներով հագեցած ուսանողակենտրոն միջավայր ստեղծելու, բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի շնորհիվ Համալսարանը կերպափոխելու և Համալսարանի

հեղինակությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությամբ: Երկար տարիներ Համալսարանին բնորոշ խնդիրներից են եղել կադրերի հոսունությունն ու որակյալ կադրերի պակասը: Քիչ թե շատ մրցունակ աշխատավարձեր առաջարկելն այժմյան մեր քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Ընդհանուր առմամբ բարձրացվել է ավելի քան 300 աշխատակիցների աշխատավարձ. որպես արդյունք՝ բարձրացել է աշխատակիցների շահադրդվածությունն ու աշխատանքի արտադրողականությունը. երկու-երեք ամսում լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք տարիներով անտեսված են եղել: Ներգրավել ենք ոլորտի պրոֆեսիոնալների, որոնց մասնագիտական գիտելիքները, փորձը հզոր ուժ են հաղորդելու Համալսարանին:
Զարմանալի է, թե Էդմոն Մարուքյանն ի՛նչ հիմքով (չասելու համար՝ ինչ հույսով) է պնդում, թե՝ «…հենց նոր վարչապետին խաբեցին, որ ինքն ասաց՝ 300 հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել»:

Սա նույնիսկ մեր սիրելի լոռեցիների ավանդական միամտության վերաբերյալ փաստարկի հետ է անհամատեղելի:

Ըստ ամենայնի, Էդմոն Մարուքյանի՝ իմ և Ագրարային համալսարանի հասցեին հնչեցրած հրապարակային արտահայտությունները (անհիմն մեղադրանքները, մասնավորապես, սակայն չսահմանափակվելով՝ նաև հովանավորչության և կոռուպցիայի մեջ ներգրավվածության պիտակավորմամբ) վիրավորանք և զրպարտություն են, ուստի Էդմոն Մարուքյանից պահանջում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել իր տարածած ապատեղեկատվությունը:

Չներկայացնելով Համալսարանում ընթացող արմատական բարեփոխումների ամբողջ ծավալը, ես Էդմոն Մարուքյանին, սույնով պահանջածը կատարելուց հետո, հրավիրում եմ գալ մեր համալսարան և անձամբ ծանոթանալ այստեղ իրականացվող բարեփոխումներին և նոր կրթական ծրագրերին, եթե դա նրան իսկապե՛ս հետաքրքիր է: Էդմոն Մարուքյանին մեծ հաճույքով հնարավորություն կընձեռեմ միասին ուսումնասիրելու հին ու նոր հաստիքացուցակները, և ապատեղեկատվություն տարածող յուրաքանչյուր ոք ստիպված կլինի ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ, օրինակ. 300-ը 3-ից մեծ է 100 անգամ, այն է՝ ոչ թե 3, այլ 300-ից ավելի աշխատակիցների աշխատավարձ է բարձրացել:

Հ. Գ. Վերջում հանրությանը վստահեցնում եմ, որ ես Ագրարային համալսարանին միացել եմ միմիայն հանուն մեր երկրի կրթական շահի: Երբևէ չեմ ունեցել և չունեմ հովանավորներ: Քաղաքական որևիցե կուսակցության չեմ անդամակցել և չեմ անդամակցում: Մշտապես առաջնորդվել և առաջնորդվելու եմ մեր երկրի կրթական և այլ գերակա շահերով: Հստակ պատկերացում ունեմ ագրարային ոլորտի կրթության և գիտության զարգացման խնդիրների, հեռանկարների, զարգացման հենանիշերի մասին: Երկար տարիներ օգտագործել և օգտագործելու եմ մասնագիտական ամբողջ կարողությունս, բարոյական պաշարս և միջազգային հեղինակությունս՝ հանուն Ագրարային համալսարանն ագրոտեխնոլոգիական կրթության ու գիտության գերազանցության կենտրոնի վերափոխելու նպատակի:

Հանրության հանդեպ հարգանքով՝
Վարդան Ուռուտյան

Հայաստանի ազգային ագրարայն համալսարանի ռեկտոր
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր»,
-նշել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը արձագանքել էր նաև ագրարային համալսարանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել