Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանք տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշվում է. «Բուժաշխատողների կողմից տրվող բժշկական փաստաթղթերը երբեմն լրացվում են օտարալեզու
Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների ահազանգերն ու դժգոհությունը առ այն, որ Հայաստանում գործող բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների կողմից տրվող բժշկական փաստաթղթերը երբեմն լրացված են լինում օտարալեզու` հիմնականում ռուսերենով, կամ լրացվում են անընթեռնելի ձեռագրով։
Խնդիրը, իհարկե, առկա է և հատկապես ավագ սերնդի բժիշկների մոտ կրում է սովորութային բնույթ, սակայն հարկ է նշել , որ գործող օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է, պաշտոնական փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի հայերենով, իսկ առողջապահության բնագավառի մի շարք իրավական ակտերով հստակ պահանջվում է , որ բժշկական փաստաթղթերը վարվեն և քաղաքացիներին տրամադրվեն գրական հայերենով և ընթեռնելի ձեռագրով։ Մասնավորապես այդ մասին շեշտված է բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում, բնակչությանը պետպատվերով տրամադրվող բուժօգնության կարգերը հաստատող որոշումներում և բժշկական փաստաթղթերի լրացման հաստատված կարգերում։
Կարծում ենք մեկ անգամ ևս պետք է բուժաշխատողների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, և կոչ անել հարգել և պահպանել մեր երկրի օրենսդրությունը և ուշադրություն դարձնել իրենց կողմից լրացվող բժշկական փաստաթղթերի լրացման գործընթացի վրա։
Հավելենք նաև, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով այս խնդրով մտահոգ քաղաքացիների դիմումները, իր ուշադրության կենտրոնում է պահելու օրենսդրության պահանջների կատարման խնդիրը և կիրառելու է համապատասխան իրազեկման, կանխարգելման, վերահսկողական գործիքներ, իսկ թերությունները չշտկելու պարագայում` նաև պատժամիջոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ։