Աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է և համարվում է շրջակա միջավայրի վնասակար աղտոտման կարևորագույն գործոններից մեկը։ Այն ոչ պակաս վտանգավոր է քան օդի և ջրի աղտոտումը:
Այս մասին տեղեկանում ենք առոջղապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Երևան քաղաքում ձևավորվել են աղմուկի դեմ պայքարի ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել քաղաքի առավել աղմկոտ տարածքներում շրջակա միջավայրի վրա ազդող աղմուկը, հայտնաբերել հիմնական աղբյուրները՝ տեսակները, ստեղծել աղմուկի քարտեզ, որը բնակավայրերում կտա հստակ պատկերացում աղմուկի մակարդակի վերաբերյալ:
Քանի որ Երևան քաղաքը բավականին մեծ է և աղմուկի քարտեզը հիմնականում ներառում է տրանսպորտային հոսքերի աղմուկը, առաջին փուլում՝ 2018թ. ընթացքում չափումներն իրականացվել են Երևանի` Փոքր Կենտրոնի առավել աղմկոտ տարածքներում:
Իրականացված չափումների ընթացքում պարզվել է, որ աղմուկի մակարդակը փոխվում է ինչպես կախված ժամից, այնպես էլ տեղից և օրից: Աղմուկի մակարդակի բարձրացմանը հիմնականում նպաստում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ոչ ճիշտ վայրերում տեղակայված և սխալ դասավորվածություն ունեցող շենքերը, որոնք նպաստում են աղմուկի ուժգնացմանը և տարածմանը: Քաղաքը բաժանաված չէ բնակելի և բիզնես հատվածների, շինությունների նշանակությունն ի սկզբանե որոշված չէ, որը նույնպես նպաստում է ոչ բարենպաստ պայմանների: Շինարարական աշխատանքների ծավալի աճը, որտեղ հաշվի չի առնվում նորմերը ևս հանգեցրել է նրան, որը շրջակա միջավայրում աղմուկի մակարդակը գերազանցում է թույլատրելի մակարդակը 25-30 դեցիբելով։
Երևանի աղմուկի դեմ պայքարի ծրագիրը իր տեսակով եզակի է և ներառում է բավականին թվով մեծ ինֆորմացիա, քանի որ վերջին անգամ աղմուկի քարտեզը կազմվել է 1976թ.:
Մինչև 2021 թ. նախատեսվում է չափումներ իրականացնել քաղաքի ամբողջ տարածքում և քարտեզագրել բոլոր համայնքները։ Աշխատանքները փուլ առ փուլ կներկայացվեն համապատասխան լիազոր մարմիններին, ինչը հնարավորություն կտա իրականացնել առողջության պահպանմանն ուղղված առավել նպատակային ու արդյունավետ միջոցառումներ և հնարավորինս զերծ մնալ աղմուկից, իսկ աշխատանքների ավարտից հետո կունենանք մշակված լիարժեք քարտեզ, որը թույլ կտա համեմատականներ տանել առաջատար երկների հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աղմուկը շրջակա միջավայրում տարեկան աճելով միջինը 0,5 դեցիբելով, ներկայումս հասել է այնպիսի մակարդակի, որ անհանգստացնում է քաղաքացիների անդորրը:
Փոքր Կենտրոնում իրականացված չափումների արդյունքները ներկայացված են լուսանկարում: