Կոշիկների մեջ հայտնաբերվել է 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս բերման էին ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանին: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից անցկացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացվել, որ Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից Հայաստան կրկին ներմուծվելու են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանիներ: Այսպես, «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնում Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ իրականացված մաքսային զննման արդյունքում Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից ներմուծված փոստային երկու առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` ընդհանուր 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել