2019 թվականի ընթացքում Հայաստանում հիմնովին կվերանորոգվի 7 ավագ դպրոց: Այս մասին տեղեկանում ենք կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանից:
«Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում ենք սկսել թվով 7 ավագ դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքներ (դպրոցների լուսանկարները կարող եք տեսնել ստորև)։ Այս աշխատանքների արդյունքում կբարձրացնենք դպրոցների սեյսմականության մակարդակը, կբարեկարգենք տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգենք սպորտային հրապարակներն ու կստեղծենք նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։
Մեր նպատակն է, որ մեր երեխաները այլևս չհաճախեն ահա այսպիսի վիճակում գտնվող դպրոցներ, և փուլ առ փուլ գնալու ենք այդ ճանապարհով»,-նշել է նախարարը։
Այս տարի կսկսեն վերանորոգվել հետևյալ ավագ դպրոցները`
- Երևանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց,
- Երևանի Տ․Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց,
- Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց,
- ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ակադեմիական վարժարան»,
- ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց»,
- ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց»,
- ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սևանի ավագ դպրոց»: