ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից հոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 20-ին` ժամը 11:30-ին, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչը՝ ծնված 1968թ., բռնություն է գործադրել հոր նկատմամբ:
Վերոնշյալի հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների կողմից 51-ամյա տղամարդու նկատմամբ կայացվել է ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի հիման վրա՝ վերջինիս արգելվել է 20 օր ժամանակով մոտենալ բռնության ենթարկված հորը:
Սակայն Ծաղկունք գյուղի 51-ամյա բնակիչը, խախտելով անհետաձգելի միջամտության որոշման պահանջները, նույն օրը՝ ժամը 19:25-ի սահմաններում, գնացել է հոր տուն և կրկին բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ աթոռով հարվածելով վերջինիս գլխին:
51-ամյա տղամարդու նկատմամբ ևս մեկ անգամ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում՝ վերջինիս արգելելով 20 օր ժամանակով 100 մետր հեռավորությունից ավելի մոտենալ բռնության ենթարկված հորը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ծաղկունք գյուղի 51-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: