Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում՝ հունվարի 16-ին, հայտարարեց, որ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ և նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները:
Այս հայտարարությանը ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Մանուկյանի խորհրդականը, հայտարարեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզեր են:
«Ի՞նչն է Ձեզ ստիպում այս ամբիոնից ադրբեջանական թեզերն առաջ բրդել: Այստեղ բոլոր արտահայտությունները, որ եղան, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես սուտ էին: Հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը: Ես չգիտեմ՝ Դուք ում ջրաղացին եք ջուր լցնում: Թույլ չեմ տա, որ այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի: Մանուկյանի աշխատանքի արդյունքն է այն, որ ուկրաինական հեղափոխության ժամանակ հայ համայնքը միակն էր, որ զանգվածային զոհեր չի տվել»,- ասաց Աբովյանը:
Արման Աբովյանի խոսքով՝ Անդրանիկ Մանուկյանը ՀՀ շահերը սպասարկել է իր կյանքը վտանգելով: «Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր, որ Անդրանիկ Մանուկյանին հետ կանչեն դեսպանի պաշտոնից: Ինչո՞ւ եք զրպարտում Անդրանիկ Մանուկյանին, պարոն Բաբաջանյան»,- այս հարցից հետո ԱԺ նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ: Պատգամավորներից մի քանիսը վերկացան իրենց տեղերից և սկսեցին բղավել իրար վրա: Վիճում էին Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ-ական մի պատգամավոր: Արման Աբովյանը մի պահ ամբիոնից հեռացավ՝ վիճակը հանդարտեցնելու նպատակով: Նույն նպատակով տեղից վեր կացավ նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Իրավիճակը հանդարտեցնելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խնդրեց լռություն պահպանել դահլիճում. «Հերթագրվեք, և ամբիոնից խոսեք: Խնդրում եմ, պահպանեք հարգանք ԱԺ պատգամավորի կարևոր ինստիտուտի նկատմամբ, միմյանց նկատմամբ և նախագահության նկատմամբ: Այսուհետ, եթե հաշիվներ պարզելու կարիք լինի, պարզեք դահլիճից դուրս»,- ասաց Միրզոյանը: