Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գևորգ Բալյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դատական հայցը ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումը ընդունել է վարույթ:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ դատավորը նշել է, որ նկատի ունենալով, որ հայցադիմումում պահպանված են քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներին առաջադրվող պահանջները, առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը, ուստի գտնում եմ, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ ավելի վաղ հայտարարություն էր տարածել Տիգրան Ավինյանը. «Սիրելի՛ ընկերներ,
Վստահ եմ բոլորդ շատ լավ գիտեք, որ մեր կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ազատ մամուլին։ Որևէ մեկը չի կարող թերագնահատել ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում։
Սակայն պետք է հստակորեն տարբերակել հանրությանը տարբեր թեմաների վերաբերյալ իրազեկող և իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթ կատարող մամուլը՝ հերյուրանքներ և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն տարածող ռեսուրսներից։
Վերջերս նմանատիպ կայքերից մեկում «անհերքելի» տեղեկատվություն հայտնվեց իմ մարիխուանա ծխելու մասին։
Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար։
Տեղեկացնում եմ նաև, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որը ուղղվելու է լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»։