5 ժամկետային և 1 պայմաանգրային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու առթիվ հարուցված քրեական գործով

2017  թվականի սեպտեմբերի 13-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանին ինքնասպանության հասցնելու առթիվ հարուցված քրեական գործը: Գործը մակագրվել է Սամվել Մարդանյանին:

Այս մասին տեղեկանում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ժամկետային զինծառայողներ Հայկ Ղարիբյանը, Ռուբիկ Սարգսյանը, Նասլեդ Բագրատունին, Արտյոմ Պողոսյանը, Գրիգոր Մաթևոսյանը, ինչպես նաև պայմանագրային զինծառայող Արման Սաֆարյանը ներգրավված էին ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի ինքնասպանության հասցնելու առթիվ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալներ:

Ռուբիկ Սարգսյանին, Հայկ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության նշանակված շարքային Կամո Մարտիրոսյանին:

Նասլեդ Բագրատունին լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված թիվ 45՝ Քարհանք կոչվող մարտական դիրքում որպես դիտորդ, մարտի 12-ին ժամը 20:00-ից 22:00-ի հերթապահության ընթացքում, նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության նշանակված շարքային Կամո Մարտիրոսյանին թիվ 4 մարտական դիտակետում կիսապառկած վիճակում նկատելու պատճառով վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Մարտիրոսյանի հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Գրիգոր Մաթևոսյանն էլ  որպես դիրքի ավագ, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Հայկ Ղարիբյանի կողմից մարտական դիտակետում հերթապահության կրման ժամանակ քնելու պատճառով, համածառայողի ներկայությամբ հայհոյանք է հնչեցրել Հայկ Ղարիբյանի հասցեին անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Իսկ պայմանագրային զինծառայող Արման Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով դիրքի ավագ և պարտավոր լինելով որպես դիրքի ավագ ուղեկցել դիտորդների հերթափոխը, ստուգել հենակետի ավագի օգնականի, ինչպես նաև դիտորդների հերթափոխը, չի կատարել իր վերը նշված պարտականությունները, որի հետևանքով պատճառվել է վնաս:

Բացի այդ որպես դիրքի ավագ պետ, պարտավոր լինելով կանխել շարքայիններ Ռուբիկ Սարգսյանի և Հայկ Ղարիբյանի կողմից Կամո Մարտիրոսյանի հասցեին տարբեր նվաստացուցիչ արտահայտությունն անելը, դրսևորել է անգործություն, այն է միջոցներ չի ձեռնարկել այդ միջադեպը կանխելու ուղղությամբ, չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, ինչի հետևնքով պատճառվել է էական վնաս խախտվել է զինվորական ղեկավարման բնականոն ընթացքը:

Դատաքննության փուլում դատարանը որոշել է Հայկ Ղարիբյանի, Նասլեդ Բագրատունու և Արտյոմ Պողոսյանի քրեական գործը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Դատարանի որոշումների վերաբերյալ տուժողի իրավահաջորդ Լալա Ղազարյանը բողոք է տարել քրեական վերաքննիչ դատարան, գործը ընդունվել է վարույթ և մակագրվել է Սերգեյ Մարաբյանին:

Գործը դատաքննության փուլում է, հերթական դատակա նիստը կկայանա հուվարի 11-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել