Ընտրատեղամասերի մոտակայքում նկատել են նախընտրական քարոզչություն պարունակող պաստառներ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքը պաշտպանելու նպատակով քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության արագ արձագանքման խմբերը  այցելել են Գեղարքունիքի շուրջ 131 ընտրատեղամասեր: Արագ արձագանքման խմբերը ընտրատեղամասերում արձանագրել են մի քանի թերություններ, որոնք հիմնականում կրում էին տեխնիկական բնույթ:

Օրինակ՝ փոքր տարածքի պատճառով քվեախցերն իրար մոտ էին տեղադրված կամ  իրազեկման պակասի հետևանքով քաղաքացիները քվեարկության կարգի խախտումներ էին թույլ տալիս, որոնք հանձնաժողովականների միջամտությամբ շտկվում էին:

Նախաձեռնության անդամները 20/19, 20/8 19/34 ընտրատեղամասերի մոտակայքում նկատել են նախընտրական քարոզչություն պարունակող պաստառներ, որոնց մասին հանձնաժողովի նախագահին և ոստիկաններին տեղեկացվելուց հետո, դրանք հեռացվել են՝ (առկա է նաև տեսանյութ):

19/36 ընտրատեղամասում «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության անդամը նկատել է, որ ընտրողներից մեկը ավելորդ քվեաթերթիկների մեջ փնտրել է իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը, սակայն «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության անդամի նախաձեռնությամբ դեպքն արձանագրվել է մատյանում և նշված գործողությունը կասեցվել է։

19/31 ընտրատեղամասում տեսախցիկը չի ընդգրկել հանձնաժողովի ամբողջ կազմը, իսկ 19/32 ընտրատեղամասում տեսախցիկը չի ֆիքսել քվեախցիկը, նախաձեռնության անդամը դեպքի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, որը և անմիջապես ձեռնամուխ է եղել խնդրի կարգավորման։

Շրջայցի ընթացքում որոշ քաղաքացիներ դիմել են «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնությանը՝ տեղեկացնելու, թե ինչպես են քվեարկելու: Նախաձեռնության դիտորդները նրանց բացատրել են քվեարկության կարգը:

Արագ արձագանքման խմբին նաև ահազանգեր են եղել՝ կապված ռեյտինգային թեկնածուների հերթական համարի անհամապատասխանության վերաբերյալ, որոնց առնչությամբ խմբի անդամների կողմից  տրվել է անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն, բացի այդ ուղղորդվել են դիմել Գավառում գործող ՄԻՊ գրասենյակ:

«Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնության բոլոր դիմողներին տրամադրվել է իրավաբանական օգնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել