Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքը պաշտպանելու նպատակով քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության արագ արձագանքման խմբերը այցելել են Գեղարքունիքի շուրջ 131 ընտրատեղամասեր: Արագ արձագանքման խմբերը ընտրատեղամասերում արձանագրել են մի քանի թերություններ, որոնք հիմնականում կրում էին տեխնիկական բնույթ:
Օրինակ՝ փոքր տարածքի պատճառով քվեախցերն իրար մոտ էին տեղադրված կամ իրազեկման պակասի հետևանքով քաղաքացիները քվեարկության կարգի խախտումներ էին թույլ տալիս, որոնք հանձնաժողովականների միջամտությամբ շտկվում էին:
Նախաձեռնության անդամները 20/19, 20/8 19/34 ընտրատեղամասերի մոտակայքում նկատել են նախընտրական քարոզչություն պարունակող պաստառներ, որոնց մասին հանձնաժողովի նախագահին և ոստիկաններին տեղեկացվելուց հետո, դրանք հեռացվել են՝ (առկա է նաև տեսանյութ):
19/36 ընտրատեղամասում «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության անդամը նկատել է, որ ընտրողներից մեկը ավելորդ քվեաթերթիկների մեջ փնտրել է իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը, սակայն «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության անդամի նախաձեռնությամբ դեպքն արձանագրվել է մատյանում և նշված գործողությունը կասեցվել է։
19/31 ընտրատեղամասում տեսախցիկը չի ընդգրկել հանձնաժողովի ամբողջ կազմը, իսկ 19/32 ընտրատեղամասում տեսախցիկը չի ֆիքսել քվեախցիկը, նախաձեռնության անդամը դեպքի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, որը և անմիջապես ձեռնամուխ է եղել խնդրի կարգավորման։
Շրջայցի ընթացքում որոշ քաղաքացիներ դիմել են «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնությանը՝ տեղեկացնելու, թե ինչպես են քվեարկելու: Նախաձեռնության դիտորդները նրանց բացատրել են քվեարկության կարգը:
Արագ արձագանքման խմբին նաև ահազանգեր են եղել՝ կապված ռեյտինգային թեկնածուների հերթական համարի անհամապատասխանության վերաբերյալ, որոնց առնչությամբ խմբի անդամների կողմից տրվել է անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն, բացի այդ ուղղորդվել են դիմել Գավառում գործող ՄԻՊ գրասենյակ:
«Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնության բոլոր դիմողներին տրամադրվել է իրավաբանական օգնություն: