ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրուցյում անդրադարձավ այն տեղեկությանը, թե ՊԵԿ-ի նոր նախաձեռնությամբ, որի համաձայն, արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների կողմից Հայաստան ուղարկված միջոցների 23 տոկոսը կհարկվի:
Դավիթ Անանյանը հայտնեց, որ եթե այլ երկրում եկամուտը արդեն հարկվել է, միևնույն եկամուտը միևնույն հարկատեսակով հարկելու նպատակ նրանք չունեն:
«Սոցցանցերում այդպիսի տարածում գտած քննարկումները հիմնավոր չեն: Ուղղակի հնարավոր է, որ այս կամ այն նախադասությունը, այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի: Առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ:
Հասկանում եմ, որ նախընտրական այս շրջանում ինչ-որ միտք, որը կոնտեքստից վերցված է, կարող են մեկնաբանվել և շահարկման առիթ դառնալ: Կառավարությունում որևէ նման նախագիծ դեռևս չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, այդ գաղափարի շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է քննարկվեն մասնագիտական շրջանակներում, կառավարությունում, հետո նախագծի տեսք ունենալուց հետո պետք է դրվեն հանրային քննարկման»,- նշեց ՊԵԿ նախագահը: