Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանի ավագանին որոշում ընդունեց Երևան համայնքի սեփականությունը համարվող Մոլդովական փողոցի համար 29/4 շենքի համար 18՝ 34.6 քմ մակերեսով բնակարանը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել 14 երեխա ունեցող, Արցախյան պատերազմի մասնակից Վիրաբ Շաբոյանի ընտանիքին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նշեց, որ այս ընտանիքը, որոնցից տասնմեկը անչափահաս են, բնակվում են վարձով, երկար տարիներ այդ վարձը վճարելու խնդիր են ունեցել և բնակություն են հաստատել Մոլդովական փողոցի համար 29/4 շենքի բնակության համար չնախատեսված և պետական սեփականություն հանդիսացող կիսանկուղային տարածքում:
Ավագանու անդամ Գայանե Աբրահամյանը հարց բարձրացրեց այն մասին, թե հնարավոր չէ՞ր ավելի մեծ տարածք հատկացնել։
Արսեն Ամյանը նշեց, որ ընտանիքի հայրը՝Վիրաբ Շաբոյանը Երևանի քաղաքացիություն չունի և ընտանիքը ժամանակին Երևանում չի բնակվել, նրանք Արցախի Քաշաթաղից են եկել։
«Սա ընդամենը բարի կամքի դրսևորում է և մարդասիրական մոտեցում է այս ընտանիքի նկատմամբ»,-ասաց նա։