Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ տեղում ծանոթանալու երկրագիտական թանգարանին հատկացված շենքի պայմաններին:
Նախագահը շրջել է ապագա թանգարանի տարածքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: Թանգարանային չափանիշներին համապատասխանելու համար շենքը հիմնավոր վերանորոգման կարիք ունի, ինչին խոստացել է աջակցել նախագահ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ Գյումրի կատարած նախորդ այցի ժամանակ խոստացել էր հետևել երկրագիտական թանգարանի ապագային:«Ես եկել եմ ապագա թանգարանի շենքը տեսնելու և մտածելու, թե ինչպես կարող եմ օգնել: Իսկ օգնելու տարբեր ձևեր կան՝ անձնապես, ընկերների, բարեգործական ծրագրերի միջոցով: Այս թանգարանը կլինի Գյումրիի գրավիչ կետերից մեկը»,- նշել է նախագահ Սարգսյանը: Որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ՝ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ թանգարանի նախագծման ողջ աշխատանքների ծախսերը կստանձնի հիմնադրամը: «Հավանաբար կարիք կունենանք հիմնադրել նոր բարեգործական կազմակերպություն, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»»,- ասել է նախագահը:
Երկրագիտական թանգարանի ծրագիրն Արմեն Սարգսյանի առաջին նախագիծը չէ Գյումրիում: Նախկինում նրա աջակցությամբ վերանորոգվել էր Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ հայտնի Ձիթողցոնց տունը, որն էլ Հանրապետության նախագահի՝ Գյումրի այսօրվա այցի հաջորդ կանգառն էր: Նախագահին այստեղ ընդունել են հարազատի նման՝ գնահատելով նրա ներդրումը Գյումրու այցեքարտերից մեկը հանդիսացող այս մշակութային օջախի բնականոն գործունեության ապահովման մեջ: «Ինչ- որ իմաստով Ձիթողցոնց տունը իմ անկյունն է, որովհետև իմ մեծ հայրը մի կողմից ձիթողցի է, բուն Ձիթողից, Էրզրումից»,-լրագրողներին խոստովանել է նախագահը: Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանում՝ դիտելով ներկայացված և գյումրեցու կենցաղը արտացոլող ցուցանմուշները:
Հանրապետության նախագահին ներկայացվել են թանգարանի ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք ևս լուծելու անհրաժեշտություն կա: Նախագահ Սարգսյանը խոստացել է ստեղծվելիք «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի միջոցով դրանք ևս լուծելու հնարավորություն գտնել:
Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոն՝ շրջայցի ընթացքում ծանոթանալով իրականացվող նախագծերին: Կենտրոնում տեղակայված՝ «Թումո Գյումրի» ստեղծարար կենտրոնում նախագահը զրուցել է սաների հետ՝ տեղեկանալով նրանց կողմից կատարվող աշխատանքներին և հետաքրքրություններին: Նախագահն ասել է, որ առաջիկայում ավելի ընդգրկուն ծրագրով ևս մեկ անգամ կայցելի տեխնոլոգիական կենտրոն:
Գյումրու «Արեգակ» սրճարանը, որտեղ այցելել է Հանրապետության նախագահը, յուրօրինակ է իր մթնոլոտով, ծրագրով ու առաքելությամբ: Այնտեղ ստեղծված է օրինակելի մի միջավայր՝ ներառական սրճարան ու փուռ, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ: Սրճարանի աշխատակիցները ջերմությամբ են ընդունել նախագահին և անմիջական զրույցի միջոցով շփվել նրա հետ՝ հյուրասիրելով իրենց իսկ պատրաստած թխվածքաբլիթներով: Հանդիպումից տպավորված՝ նախագահ Սարգսյանը խոստացել է վերստին այցելել սրճարան, որտեղ արդեն իսկ ձեռք է բերել բարեկամներ՝ ի դեմս ներառական ծրագրում ընդգրկված Միքայելի, Գրիշայի, Հովհաննեսի և մյուսների:
Գյումրի այցի ավարտին նախագահ Սարգսյանը մոմ է վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, որտեղ այդ պահին պսակադրություն էր տեղի ունենում: Նախագահը շնորհավորել է նորապսակներին և երջանկություն մաղթել նրանց:
«Գյումրին պետք է վերականգնվի, Գյումրին պետք է վերակենդանանա և գյումրեցու կյանքով ապրի, որովհետև այն ժառանգությունը, որ ունենք, յուրահատուկ է, և չենք կարող այն կորցնել,– գյումրեցի լրագրողների հետ զրույցում նշել է նախագահ Սարգսյանը, կարևորելով նաև Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելն ու զբոսաշրջիկների հոսքը մեծացնելը: – Գյումրին իր յուրօրինակ պատմությամբ շատ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ նախ և առաջ քաղաք է, որտեղ պահպանվել է հինը, որտեղ ժառանգություն է պահպանվել»: