ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Մամուլում քննարկվում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործողությունների իրավաչափությունը տեղական ինքնակառավարման մարմիններում:
Ծառայության վերահսկողական գործողություններն առավել համապարփակ և համակողմանի ներկայացնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում մեկնաբանել ծառայության գործողությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք առավել հայտնի դարձան Ծառայության ղեկավարի այցերով Անի, Ազատամուտ և Ուրցաձոր համայնքներ: Այցերը պայմանավորված էին բնակիչների շարունակական բողոքի ակցիաներով և ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետից` Ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս սույն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման գնահատման նպատակով:
Տեղում ծանոթանալով բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրներին և հաշվի առնելով դրանց տարաբնույթ լինելը՝ Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարագրերով ուսումնասիրություններ են իրականացվում վերոնշյալ համայնքներում՝ հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝ գնահատելու պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացած տեղեկատվության արժանահավատությունը:
Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարներից տեղեկատվություն պահանջելուն, ապա այն բխել է համայնքներում տիրող խնդրահարույց իրավիճակից, համայնքային բյուջեների անարդյունավետ օգտագործման վերաբերյալ բնակիչների բողոքներից և հաշվի է առնվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով նախատեսված Ծառայության ղեկավարի լիազորությունը՝ նկատի ունենալով, որ համայնքների բյուջեների ծանրակշիռ մասը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների տեսքով: Մասնավորապես, Ծառայության ղեկավարը իրավասու է այլ մարմիններից, (այդ թվում տեղական ինքնակառավարման մարմիններից) դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ: Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 13-րդ կետի համաձայն՝ իրավական ակտերի նախագծեր առաջարկելու հնարավորությամբ:
Մասնավորապես, ուսումնասիրության արդյունքների ամփոփմամբ, ինչպես նաև պահանջված տեղեկատվության վերլուծության միջոցով Ծառայությունն իր առջև խնդիր է դրել վերհանել տարիներ շարունակ համայնքների զարգացման խոչընդոտներն ու օրենսդրական թերի կարգավորումները, ինչպես օրինակ՝ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության գործնականում ոչ ճիշտ կիրառման հետևանքների վերացումը և համակարգային խնդիրների լուծման տարբերակներ առաջարկելը, ինչի արդյունքում հնարավոր կլինի համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացնել գործնականում կիրառելի առաջարկություններ՝ իրավական ակտի նախագծի տեսքով:
Առայժմ համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից տեղեկատվության տրամադրման հետ կապված որևէ խոչընդոտ Ծառայության կողմից չի արձանագրվել:
Հ.Գ. Պահանջված տեղեկությունը չի ներառվելու տեղեկանքում, իսկ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող հատկանիշների առկայության դեպքում ներկայացվելու է իրավապահ մարմիններին: Տեղեկանքը կազմվում է հանձնարարագրի հիման վրա և ներկայացվում է վերահսկվող օբյեկտին կարծիքի, որից հետո նոր միայն վարչապետին»։