Քննիչը ձեռնարկում է միջոցներ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու կամ մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու համար

Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվել են:

Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քննիչը քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով ձեռնարկում է միջոցներ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու կամ մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու, քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհրաժեշտության դեպքում քննիչը կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ:

Քրեական գործը կասեցնելու մասին տուժողներին և նրանց ներկայացուցիչներին ծանուցելիս ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից նույնպես պարզաբանվել է, որ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են: Անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն` քրեական գործով կասեցված վարույթը կարող է վերսկսվել և կատարվեն դատավարական գործողություններ, այդ թվում` առանց մեղադրյալների մասնակցության:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով  9 անձի, այդ թվում` ոստիկանության ծառայողի, մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հանցավոր արարքների կատարման համար: Նրանցից 8-ի վերաբերյալ մեղադրական դատավճիռները մտել են օրինական ուժի մեջ, իսկ 1-ի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է:

Նշված քրեական գործով շարունակվելու են հանցանք գործած մյուս անձանց հայտնաբերմանն ուղղված քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել