ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը:
Նախնական տվյալներով՝ 2009-2018թթ. ընթացքում առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառելով անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, իրավասու անձանց կողմից կատարման են ընդունվել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր։ Բացի այդ, անհիմն, առանց վնասները գանձելու՝ համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները, առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում ծառայությունների գինը սահմանելով իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի՝ նշված պայմանագրի գնի և բովանդակության մեջ հետագայում անհարկի և անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում՝ ընդգրկել ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ, ինչի արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից ավելի գումարներ:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջոցներ չեն ձեռնարկվել՝ շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության, որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև՝ աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ, և կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների, բետոնի ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման է ընդունվել Տրանշ 1-ի համար Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածները։
Ծրագրի անարդյունավետ կառավարումը թաքցնելու նպատակով որոշ պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով խախտվել են նախատեսված ժամկետները, և շուրջ 9-ը տարի չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակները՝ Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, որի արդյունքում պետությանը պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի վնաս:
Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և սեպտեմբերի 6-ին այն ընդունվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: