Նախարարի հրամանը՝ 12-րդ դասարանում ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ի 694-Ն հրամանով սահմանվում է 12-րդ դասարանում ուսումնական գործընթացի կազմակերպումը

  • Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.

  1. 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի Ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:
  2. Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ), բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների:
  3. 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) (1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ:
  4. Նորմատիվային 34 դասաժամի և սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը:
  5. 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը:
  6. «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնասիրությունը (կրկնությունը) ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) պետական ավարտական քննությամբ:
  7. 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից  ընտրված ուսումնական առարկաների ցանկը Հաստատության սովորողները ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր հայտնում են Հաստատության տնօրենին: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են նաև միասնական քննական առարկաները:
  8. Եթե Հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը:
  9. Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը:
  10. Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձևավորվել միևնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր: Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են առարկայական դասամատյանում: Կիսամյակային և տարեկան գնահատականներն այնուհետև փոխանցվում են դասարանի հիմնական դասամատյան:
  11. 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների  ուսումնական նյութի կրկնությունը սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 20-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներին համապատասխան կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով:
  12. Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին:
  13. Սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին այն դեպքում, երբ դասացուցակով նրա շաբաթական բեռնվածությունը պակաս է 31 դասաժամից:
  14. Սովորողի արտադասարանային պարապմունքներին մասնակցության տևողությունը որոշվում է 31 ժամի և սովորողի դասացուցակային բեռնվածության տարբերությամբ:
  15. Արտադասարանային պարապմունքներին սովորողի(ների) մասնակցությունը հաշվառվում է և գրանցվում համապատասխան մատյանում:
  16. Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են՝ ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական և փորձնական աշխատանքների կատարումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը և այլն:
  17. Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ Հաստատությունում կամ այլ հաստատություններում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել