Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի ունեցավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և Արեգ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստը։
Նիստը նախագահում էր դատավոր Մեսրոպ Մակյանը։
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանի հայտարարությունից հետո՝ ՊՊԾ գնդում ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության և բանկոմատը բացելու վերաբերյալ առաջացել էր գործով անցնող անձանց շահերի հակասություններ, ինչի պատճառով նախկինում մասնակցող հանրային պաշտպանների մասնակցությունը գործին դադարեցվել էր և նոր հանրային պաշտպաններ էին ներգրավվել։ Նախորդ դատական նիստը հետաձգվել էր նաև վճարովի պաշտպանություն իրականացնող Ինեսսա Պետրոսյանի մասնակցության հետ կապված խնդրի պատճառով. նա նախկինում ներկայացրել է Պավել Մանուկյանի, Մխիթար Ավետիսյանի և Արմեն Բիլյանի շահերը։ Ինեսսա Պետրոսյանը պետք է որոշեր, թե ում շահերն է շարունակելու պաշտպանել։
Այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ այսուհետև իրականացնելու է Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպանությունը։
Այսօր տեղի ունեցած դատական նիստին, փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ և գրավով փոխելու մասին։
Գագիկ Եղիազարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Հակոբ Նազարյանը, ովքեր այդ պահին գտնվում էին դահլիճում։
Դատարանը խորհրդակցական սենյակ գնաց՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Խորհրդակացական սենյակից դուրս գալուց հետո հրապարակեց որոշումն այն մասին, որ միջնորդությունը բավարարվել է: Գագիկ Եղիազարյանը կալանքից ազատ արձակվեց:
Գագիկ Եղիազարյանի ազատ արձակվելու վերաբերյալ որոշումը կարդալուց հետո շարունակվեց դատական նիստը։ Նիստի ժամանակ Պավել Մանուկյանը պատասխանեց դատախազների հարցերին,՝ՊՊԾ գնդում կրակոցի և բանկոմատը բացելու վերաբերյալ։
«Արմեն Բիլյանն, ընդանրապես այնտեղ չի եղել, նա եղել է կողքի սենյակում։ Սենյակում եղել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ կրակոցը պատահական է եղել։ Կրակոցից հետո ինքն իրեն շատ վատ զգաց, մենք էլ վատ զգացինք»,- ասաց Պավել Մանուկյանը։
Պավել Մանուկյանը նաև հայտնեց, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ․
«Այո, իմ հետ եղել է զենք։ Ես վերցրել եմ 1993 թվականին իմ ձեռքով գնդակահարած թուրքի զենքը, և դատավարությունն ավարտելուց հետո այն հետ եմ պահանջելու։ Այդ զենքն արդարության համար է, և նախատեսված չէ ոչ մի հայի սպանության համար»,- ասաց Պավել Մանուկյանը։
Դատական նիստի ժամանակ միջնորդություն ներկայացրեց նաև Պավել Մանուկյանի պաշտպան Ազատ Շահբազյանը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու համար։
Պավլիկ Մանուկյանի համար անձնական միջնորդություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանն ու Վահե Էնֆիաջյանը և վճարել 500 հազարական դրամ գրավ:
Դատարանը խորհրդակցության սենյակ գնաց՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար։ Խորհրդակացական սենյակից դուրս գալուց հետո հրապարակեց որոշումն այն մասին, որ միջնորդությունը չի բավարարվել: Դատարանի որոշմամբ պատգամավորներին պետք է վերադարձվի նաև 500-ական ՀՀ դրամ գրավը։
Շուշան Ստեփանյան