Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանն իր պաշտոնը ստանձնել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին։ Նա ծնվել է 1982 թվականին, Երևան քաղաքում։
36-ամյա դատավորը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է․
- բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում,
- 11 միլիոն դրամ և 26 000 դոլար դրամական միջոցներ,
- 1, 88 միլիոն դրամ եկամուտ, որից 644 000 դրամը ստացվել է աշխատանքի վարձատրությունից, իսկ 1,2 միլիոն դրամն այլ եկամուտներից։
Տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2014 թվականի սկզբին և ավարտին Տաթևիկ Ստեփանյանի խնայողությունները եղել են 11 միլիոն դրամ և 26 000 դոլար: Եկամուտը կազմել է 1.4 միլիոն դրամ, որից 97000 դրամը և 72800 դրամը եղել է աշխատանքի վարձատրությունը, իսկ 1.2 միլիոն դրամը՝ այլ եկամուտներ (մասնավորապես նշված չէ եկամտի աղբյուրը):
2015 թվականի տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 17 միլիոն դրամ և 26 000 դոլար։ Եկամուտը կազմել է 6.1 միլիոն դրամ՝ ստացված աշխատանքի վարձրատրությունից:
2016 թվականին Տաթևիկ Ստեփանյանի դրամական միջոցների ու եկամուտների փոփոխություններ չեն եղել: Եվ այլ տողերում նշումներ չեն արվել:
2017 թվականին նույնպես նրա խնայողությունների չափը չի փոփոխվել: Իսկ եկամուտը կազմել է 13,17 միլիոն դրամ, որից 6,3 միլիոն դրամը աշխատավարձից, իսկ 6,9 միլիոն դրամը՝ ստացված փոխառություններից: Նույն տարվա մեջ նա վերադարձրել է փոխառության 1,9 միլիոն դրամը:
Նրա ամուսինը՝ Արման Հովսեփյանը, 2014 թվականի սկզբին ունեցել է 22 միլիոն դրամ և և 32 000 ԱՄՆ դոլար խնայողություններ, որոնք տարեվերջին կազմել են 19 միլիոն դրամ և 29 000 դոլար։ Եկամուտը կազմել է 9,7 միլիոն դրամ՝ ստացված ձեռնարկատիրական գործունեությունից:
2015 թվականին Արման Հովսեփյանը շուրջ 76 միլիոն դրամով առանձնատուն է ձեռքբերել: Այս տարվա ընթացքում նա 100 հազար դոլար փոխառություն է վերցրել, իսկ եկամտի մյուս աղբյուրը եղել է ձեռնարկատիրությունից ստացված 9,7 միլիոն դրամը:
Ի դեպ, այս նույն տարում նշվում է, որ նա փոխառություն է վերցրել 55 հազար դոլար և 32 միլիոն դրամ, և ամբողջությամբ վերադարձրել է դրանք: Անհասկանալի է, թե ինչպես է 9,7 միլիոն դրամ եկամուտ ունեցող անձը մի քանի անգամ ավելի մեծ չափի փոխառությունը մարել նույն տարում:
2016 թվականի հայտարարագրում էլ որևէ նշում չկա փոխառությունների մասով, ինչից ևս ենթադրվում է, որ 2015-ին ստացված 100 000 դոլարի փոխառությունը նույն տարում էլ մարվել է:
2015-ի վերջին դատավորի ամուսնու խնայողությունները կազմել են 48 միլիոն դրամ և 19 հազար դոլար:
Իսկ 2016-ի հայտարարագրում անհասկանալի է մնում խնայողության չափի անհամապատասխանությունը նախորդ տարվա հայտարարագրի հետ: Բանն այն է, որ այս դեպքում տարեսկզբին դոլարով կազմով գումարը նշվում է ոչ թե 19 հազար, այլ 119 հազար դոլար, որը տարեվերջին դառնում է 112 հազար դոլար: Այսինքն, հստակ չէ, թե վրիպակի հետևանքով «1» թիվը ավելացել, թե նախորդ տարիների հայտարարագրերում չի նշվել:
Այս տարվա վերջին դրամով խնայողությունները կազմել են 33 միլիոն դրամ: Եկամուտը այս տարի նույնպես կազմել է շուրջ 9,7 միլիոն դրամ՝ ստացված ձեռնարակատիրական գործունեությունից:
2017 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները, նախորդ տարվա համեմատությամբ, չեն փոխվել։ Իսկ եկամուտը՝ ստացված ձեռնարկատիրական գործունեությունից, նվազել է՝ կազմելով շուրջ 5,4 միլիոն դրամ։
Շուշան Ստեփանյան