Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի ապրիլի 10-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով՝
1. «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» hամաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին (այսուհետ՝ հանձնակատար):
2. «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» hամաշխարհային ցուցահանդեսի իրականացման ազգային օպերատոր նշանակել Հայաստանի զարգացման հիմնադրամին (համաձայնությամբ) (այսուհետ՝ օպերատոր)։
3. Հանձնակատարին՝
1) ապահովել «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգումը.
2) եռամսյա ժամկետում ապահովել օպերատորի կողմից «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի մշակումը՝ ներառելով ֆինանսական գնահատականը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը.
3) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։
4. Օպերատորին՝ ապահովել «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունը։
5. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր գերատեսչության մասով ապահովել «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացի իրականացումը»։