Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի ԲԴԽ նախագահին ուղղված հարցումի՝ տեղեկացնում է.
«Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում այն տեղեկատվությունը, համաձայն որի «գաղտնի քվեարկությամբ ընտրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք սնանկության գործերի հետ առհասարակ կապ չեն ունեցել»:
Պատասխանին կից՝ Ձեզ ենք ներկայացնում բոլոր թեկնածուների ցանկը, որում նշված է, թե որ դատավորը քանի տարի է դատավոր աշխատել և քանի տարի է սնանկության գործեր քննել: (Հավելենք, որ 22 թեկնածուներից 3-ը, մինչ օգոստոսի 6-ը հետ են վերցրել իրենց դիմումները: Ուստի, սույն օրը անցկացված փակ գաղտնի քվեարկությանը ներկայացված է եղել 19 թեկնածություն):
– Քվեարկությունից առաջ ուսումնասիրվել են դատական գործեր, դատական վիճակագրության տվյալներ, առանձին կազմակերպությունների կողմից ստացված փաստաթղթավորված տեղեկություններ, ինպես նաև դատավոր-թեկնածուների կողմից ներկայացված, իրենց կարծիքով իրենց գործունեությունը լավագույնս բնութագրող սնանկության առնվազն 3 գործ,
– խնդիր է դրվել նոր ձևավորվող դատարանում հնարավորինս նվազագույնի հասցնել նախկինում տեղ գտած արատավոր դրսևորումներն ու կոռուպցիոն ռիսկերը,
– բոլոր թեկնածուների հետ կազմակերպվել է անկաշկանդ զրույց-քննարկում,
– ԲԴԽ-ն հարցազրույցները, քննարկումները և վերլուծությունները իրականացվել է ըստ՝ դատական իշխանության պաշտոնական կայքում ապրիլի 25-ին «ի գիտություն դատավորների և դատավորի թեկնածուների» հրապարակված «Դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները» ուղեցույց-շրջաբերականի համապատասխան: https://court.am/index.php?link=arm/right/knowledge.htm
Խորհրդի անդամները քվեարկել են բացառապես իրենց համոզմունքներից ելնելով, իսկ որևէ թեկնածու չի փորձել խնդրանքով դիմել անձամբ ԲԴԽ նախագահին, Խորհրդի անդամներին, քանի որ նրանք գուցե ի սկզբանե գիտեին, որ նման խնդրանքը ճիշտ հակառակ ազդեցությունը կունենար իրենց համար:
Այս դատարանը մեր երկրի համար բացառիկ կարևոր դերակատարություն ունի: Դրա արդյունավետ գործունեությամբ է նաև մեծապես պայմանավորված ներկա ներդրումների պաշտպանությունը և ապագա ներդրումների հնարավոր հոսքը Հայաստան: Խնդիրն այնքան կարևոր է, որ առավելագույնս է արվել՝ ձևավորելու առողջ ու հանրային վստահություն վայելող դատարան:
Առանձին անհատների դժգոհությունները երևույթի մասին իրենց սեփական ընկալումների արդյունք են և պայմանավորված չեն պետության առջև ծառացած խնդիրների լուծման հրամայականներով»: