ՊԵԿ-ը հայտնում է, որ չշեղվելով որդեգրած սկզբունքներից, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական աշխատանքներն իրականացնում է բացառապես վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային ցուցանիշների հիման վրա:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Խաչատրյանը 2018թ.-ի փետրվար ամսից իրականացում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն ք.Երևան Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) հասցեում: Հարկ վճարողի կողմից իրականացված գործունեությունն իր մեջ պարունակում է ակնհայտ ռիսկեր ինչպես իրացման շրջանառության, այնպես էլ աշխատուժի և աշխատավարձի թերհայտարարագրման մասով: Ընդ որում, այդ ռիսկերը վեր են հանվել իր իսկ կողմից ներկայացված հաշվարկներով և հաշվետվություններով հայտարարագրված ցուցանիշների արդյունքում:
Հարկային գաղտնիք պարունակող և անհատ ձեռնարկատիրոջ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու նկատառումներից ելնելով` առաջարկում ենք հարկ վճարողին, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումից տեղեկանալ իր գործունեությանն առնչվող ռիսկերին, որոնք հիմք են հանդիսացել հսկողական միջոցառում իրականացնելու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առաջադրված ռիսկերը, ինչպես նաև արձանագրված խախտման արդյունքներ չընդունելու պարագայում, հարկ վճարողը իրավունք ունի բողոքարկել հարկային մարմնի գործողությունները` ցանկության դեպքում դիմելով նաև հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողով: