«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի բ) ենթակետի սահմանված է, որ 2017 թվականին շարունակվում է «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 23.04.2014թ.-ի N460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով (այսուհետ` Կարգ) սահմանված նորմերին համապատասխան:
Համաձայն Կարգի 1-ին կետի՝ փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`
1) մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N1444-Ն որոշման N1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որը ներկայացվում է ստորև.
Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով) |
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով) |
1000-ից ոչ ավելի | Ավանդի գումարը x 84 |
1001-ից մինչև 3000 (ներառյալ) | 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4) |
3001-ից մինչև 5000 (ներառյալ) | 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8) |
5001-ից մինչև 10000 (ներառյալ) | 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8) |
10000-ից ավելի | 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4) |
Հետևաբար, փոխհատուցման իրավունք ունեցող և հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն
հաշվել իրեն հասանելիք փոխհատուցման գումարի չափը: