«Մեռած հոգիների» համար չենք վճարելու. 19 պոլիկլինիկայի բուժաշխատողներ

Հունիսի 25-ից սկսված 19 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի աշխատակիցները պահանջում են պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը:

Բուժաշխատողները պոլիկլինիկայի տնօրենին մեղադրում են «չարաշահումների և անօրինականությունների» համար:

«Գործադուլ անելու առաջին օրը տնօրենը մեզնից բացատրագիր է պահանջել, յուրաքանչյուր բուժաշխատողի հասցեով ուղարկել էին ծանուցում, թե ինչու մենք նշված գործադուլ անցկացնելու ժամերին աշխատանքի չենք եղել…Մենք գործադուլ սկսելու մասին ծանուցում ենք ուղարկել և՛ նախարարություն, և՛ քննչական բաժին»,- նշեց 19 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ  Մարինե Վիրաբյանը:

Բուժաշխատողների խոսքով՝ տնօրեն Սարգսյանը «պարտականություն» էր դրել կանանց կոնսուլտացիայի բաժնի վրա: Նրանք պարտավոր էին ամսական 600 հազար դրամ վճարել գլխավոր բժշկին. «Մենք արդեն հասանք մեր ուզածին, մենք «մեռած հոգիների» համար չենք վճարելու»,-նշեց նույն պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ  Արուսյակ Անիսոնյանը՝ հավելելով, որ այդ գումարներով տնօրենը «քարտուղարուհու համար մեքենա է գնել»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշում է, որ ո՛չ քաղաքապետարանի առողջապահության վարչությունը, և ոչ էլ առողջապահության նախարարությունը այս հարցով չէին հետաքրքրքվում:

«Այս պահի դրությամբ փորձում ենք հավատալ իրավապահ մարմիններին: Լիահույս ենք, որ մոտակա 10 օրերի ընթացքում շոշափելի առաջընթաց կլինի՝ մեր հաղորդումների հետ կապված»,- նշեց Թեհմինա Վարդանյանը և հավելեց, որ տնօրենի «տեսակը» հասկանալով այլևս չեն պատրաստվում նրա հետ խոսել, քանի որ տնօրենն է քաղաքապետարանին ենթակա մարմնի աշխատակից, այլ ոչ ավագանու անդամները:

Թեհմինա Վարդանյանը նշում է, որ տնօրենի և նրա եղբոր կողմից ճնշումներ են գործադրվում բուժաշխատողների վրա և հենց այդ պատճառով է, որ շատերը չեն միանում գործադուլին:

Սակայն որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, ավագանու անդամները հանդիպում ունեցան Սամվել Սարգսյանի հետ, ով նշեց, որ մինչ Թեհմինա Վարդանյանի և ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի գալը կանանց կոնսուլտացիայի բաժինը առավոտյան ժամը 9-ից բնականոն աշխատանքային ռեժիմի էր անցել:

«Վախի մթնոլորտ չկա: Գործադուլ հայտարարած բուժաշխատողների փոքր թիվը խոսում է այն մասին, որ այս կուռ կոլեկտիվի 90-95 և ավելի տոկոսը, որովհետև իրենց գնահատում եմ 3, 4 մաքսիմում 5 տոկոս, այս օրերի ընթացքում ոչ միայն չմիացան, այլ նաև ես ձեզ հավաստիացնում եմ, որ կոլեկտիվում իրենց հանդեպ ոչ դրական մթնոլորտ: Միանշանակ, ավագանու անդամները սադրում են աշխատողներին, որովհետև մինչև նրանց գալը նորմալ աշխատում էին»,-նշեց նա:

Բուժաշխատողները որոշեցին, որ գործադուլը ժամանակավորապես կդադարեցնեն, քանի որ նախաքննական մարմինը արդեն քննություն է սկսել նրանց կողմից բարձրացրած հարցերի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել