Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք դեպքեր: Մասնավորապես, «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացիների մոտից հայտանբերվել են համապատասխանաբար 0.85 գրամ և մոտ 0.84 գրամ քաշով, շագանակագույն՝ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածներ:
Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Իսկ «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանիում հայտնաբերվել են «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող յուղանման զանգվածներով լցված 12 հատ էկետրոնային սիգարետների մուշտուկներ, 1 էլեկտրոնային սիգարետ, ինչպես նաև մաստակի տարայում նախապես պատրաստված թաքստոցից՝ 4 հատ, մոտ 8.08 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթներ՝ սպիտակ գույնի՝ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգվածներով:
Մեկ այլ դեպքով էլ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել են 4 տուփ շոկոլադե սալիկ և 6 փաթեթ այլ քաղցրավենիքներ՝ «մարիխուանա», «կանեփ» և «տետրահիդրոկաննաբինոլ» գործարանային գրառումներով:
Դեպքերով կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար: