Փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

ՀՀ փաստաբանների պալկատից տեղեկանում ենք, որ Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 06.06.2018թ. 236-Ա որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջների խախտման հատկանիշներով:

Ըստ դիմողի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրապարակային հարթակներում վիրավորական գրառումներ (արտահայտություններ) և հայհոյանքներ է կատարել, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և շարունակելու վարքագիծ է դրսևորել:

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Կարգապահական գործը հանձնվելու է ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված կարգապահական գործ նախապատրաստող փաստաբանին, որի կողմից կազմվող եզրակացության հիման վրա ներկայացվելու է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննությանը:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել